«Արդշինբանկ»-ի հաճախորդները մնացել են շվարած՝ չգիտեն իրենց գրավադրած ոսկին կա՞, թե՞ չէ
«Արդշինբանկ»-ի Արտաշատի մասնաճյուղում ոսկի գրավադրած ու վարկ վերցրած քաղաքացիներից մի քանիսը խիստ մտահոգված են, չգիտեն, որտե՞ղ է իրենց ոսկին, կա՞, թե՞ չկա։
«4 մլն դրամի ոսկյա զարդեր ենք տվել բանկին, փոխարենը 2 մլն 700 հազար դրամի վարկ ենք վերցրել։ Մի քանի հարյուր հազարը մարել ենք։ Հիմա ուզում ենք ամբողջությամբ վարկը մարել, ոսկին վերցնել, բանկից ասում են, չեք կարող նման գործարք անել»,-պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին։
Բանկից մերժել են նաև վարկը վերաձևակերպելու ու վճարած գումարի չափով ոսկին վերադարձնելու առաջարկը։ Բացի այդ, բանկի աշխատակիցներից որևէ մեկը հստակ պատասխան չի տալիս քաղաքացուն, նրա ոսկին կա՞, գտե՞լ են, եթե այո, որտե՞ղ է։
«Ասում են՝ 15 օրից եկեք, կպատասխանենք, 20 օր է անցել, գնացել եմ, ասում են՝ դեռ պատասխան չունենք։ Իրենք հստակ ոչինչ չեն ասում, իմ ոսկին կա՞, գոյություն ունի՞, թե՞ չէ, ինձ էլ ստիպում են, որ կանոնավոր կերպով վճարեմ վարկը։ Իսկ եթե վերջում պարզվի՞, այդքան գումարն իզուր եմ վճարել»,-ասում է քաղաքացին։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր 28-ին նույն մասնաճյուղի կառավարիչը բանկից հափշտակել է խոշոր գումար, ինչպես նաև ոսկյա զարդերն ու փախել։ Հոկտեմբերի սկզբին իրավապահները նրան գտան, ձերբակելեցին, ապա կալանավորեցին։
««Արդշինբանկ»-ի Արտաշատի մասնաճյուղից ոսկիների յուրացման դեպքով մեղադրանք է առաջադրվել բանկի հիշյալ մասնաճյուղի կատավարիչին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-Panorama.am-ին ասացին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հափշտակված գումարի չափը հասնում է 122 մլն դրամի։
Կատարված հանցագործության հետևանքով քանի՞ մարդ է տուժել, ինչքա՞ն է կազմում վնասի չափը, որտե՞ղ է մարդկանց ոսկիները, ինչո՞ւ են հրաժարվում գործարք կնքել հաճախորդների հետ։ Panorama.am-ն այս հարցերն ուղղեց «Արդշիբանկ»-ի մարքեթինգային հաղորդակցությունների վարչությանը։
«Արդշինբանկ ՓԲԸ-ի «Արտաշատ» մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերը համարվում են քրեական գործով իրեղեն ապացույցներ և առայժմ մնալու են նախնական քննություն իրականացնող մարմինների հսկողության տակ: Դրանք կվերադարձվեն հաճախորդներին ըստ պահանջի՝ քրեական գործի ավարտից հետո»,-պատասխանեցին բանկից։
Վարչությունից Panorama.am-ին ու բանկի հաճախորդներին վստահեցնում են, որ բանկի ոչ մի հաճախորդ ոչ մի դրամի կորուստ չի ունենա:
«Այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են մարել վարկի ողջ գումարը՝ ոսկեղենը գրավադրումից ազատելու համար, ապա նրանք դա պետք է անեն և Բանկը պատրաստակամ է հաջորդ աշխատանքային օրը տրամադրել համապատասխան գումարի չափով վարկ, որի դիմաց տոկոս չի հաշվեգրվի մինչև քրեական գործի ավարտը, երբ հնարավոր կլինի այդ գումարը մարելուց հետո հետ ստանալ գրավադրված ոսկեղենը»,- ասում են բանկից։
Վնասի չափի, տուժած հաճախորդների թվի մասին հարցերն անպատասխան թողեցին։ Բացատրեցին. «Ձեր՝ մեզ ուղղած մյուս հարցադրումների պատասխանները ենթադրում են նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ են, որոնց մասին տեղեկություն տալ չենք կարող: Լրատվամիջոցներին նույնպես խնդրում ենք զերծ մնալ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասը սահմանում է.
«Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. « Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»։