Իրանից փորձել են ավելի քան 3 կգ ափիոն ներկրել Հայաստան
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3.010 կգ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Հոկտեմբերի 20-ին վերջինս, նշված թմրամիջոցը թաքցնելով հագուստի տակ, կպչուն ժապավենով ամրացնելով որովայնի և սրունքի վրա, տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն «Մեղրի» մաքսային կետում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում բռնվել է :
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան