Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք,
որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մարտի 20-ի 245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան, վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 11-ը, ժամը 18.00-ը դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքէջերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը: