ԱԶԲ ներկայացուցիչը կառավարությունից ակնկալում է թիրախավորել առաջնահերթությունները
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջնային ուղղությունները, որոնց մասով կարող ենք մաքսիմալացնել մեր ներուժային աջակցությունը և ակնկալում ենք կառավարության հետ փոխադարձ համագործակցության միջոցով թիրախավորել առաջնահերթությունները և ֆինանսավորման հիմնական հնարավոր ուղղությունները»,-ասել է Պաոլո Սպանտիգատին։
Նախարարությունից հայտնում են, որ ի պատասխան Տիգրան Խաչատրյանը կարևորել է, որ բանկն աջակցում է կառավարության ծրագրերի իրականացմանը և ներկայում առավելապես ներգրավված է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։
Նախարարը նշել է, որ մասնավոր հատվածի հանդեպ բանկի հետաքրքրության մեծացումը թույլ կտա վեր հանել երկրում ինստիտուցիոնալ զարգացման, բաժնետիրական ընկերությունների օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրները՝ ֆինանսական աջակցության երաշխիքների և ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Նա կարևորել է նաև երկրում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի և ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը։
Նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները և շեշտել ԱԶԲ-ի հետագա աջակցության և փոխադարձ համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Ասիական Զարգացման Բանկը նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ի աջակցության հիմնական գործիքներն են` քաղաքականությունների մշակման շուրջ տարվող երկխոսությունները, վարկավորումը, կապիտալ միջոցների ներդրումները, երաշխիքները, դրամաշնորհները և տեխնիկական աջակցությունը: