Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ինչ անեմ. Էդմոն Մարուքյան
«Ես ցանկություն չունեմ հանդիպելու Նաիրի Հունանյանին»,-այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաբաջյանի և «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի հանդիպմանը:
«Ես 2002-2012 թթ-ը եղել եմ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր ներկայացուցիչներին, որոնք եղել են քաղբանտարկյալ, այցելել եմ հազարավոր դատապարտյալների և կալանավորված անձանց: Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնել։ Եղել է դեպք, որ մամուլը գրել է, թե իբր Նաիրի Հունանյանն այնտեղ չէ, խցի մոտով անցել եմ ու համոզվել, որ այնտեղ է: Բայց ես երբեք ներս չեմ մտել, որ իրեն հանդիպեմ, քանի որ նման ցանկություն չեմ ունեցել, այսօր էլ չունեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի բնորոշմամբ՝ իր համար Նաիրի Հունանյանը դահիճ է, դահիճների պարագլուխը։
«Ես վստահ եմ, որ նրա խնդրանքը՝ վաղաժամ ազատ արձակվելու, չի բավարարվելու, քանի որ այս համատեքստում քննարկման առկա է նաև հանրության՝ նման մարդուն հետ ընդունելը»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ով ուզում է, թող նրա հետ հանդիպի. «Ես 17 տարի անարգել մուտքի հնարավորություն եմ ունեցել, բայց չեմ արել։ Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ինչ անեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյանը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ
- Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
- Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար