Լոռիում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 22-ամյա հրշեջ-փրկարար է մահացել
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստացած այրվածքներից հրշեջ-փրկարար է մահացել, այրվածքներ ստացած մյուս հրշեջը հոսպիտալացվել է: Այս մասին Panorama.am-ին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
Նա նշեց, որ տուժած հրշեջը Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Էդմոն Զարգարյանի խոսքով՝ հրշեջները մարելիս են եղել խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը։
«Նրանք մնացել են կրակի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ մահացած հրշեջը 22 տարեկան էր, իսկ տուժած հրշեջը՝ 27 տարեկան։
Մամուլի խոսնակը նաև նշեց, որ դեպքի վայրում է ԱԻՆ նախարարը։
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
«Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։