Հայաստանում մեղուները քչացել են
Հայաստանում նախորդ տարվա աշնանն ու ձմռանը գրանցվել է մեղուների զանգվածային անկում, պատճառը եղել է հիվանդությունը:
«Նոր հիվանդություն էր, տեղեկատվություն չկար դրա մասին, մեղվաբույծները բուժեցին հին մեթոդներով, ոչ որակյալ դեղերով, դրա համար օգուտ չեղավ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Նազարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ողջ տարածքում մեղուների մոտավորապես 30 տոկոս անկում է արձանագրվել, իսկ օրինակ՝ Շամշադինի, Նոյեմբերյանի, Դիլիջանի կողմերում՝ մոտավորապես 80 տոկոս: Անկած մեղուների տեղը, Ա. Նազարյանի խոսքով, այս մեկ տարում չէին կարող լրացնել. «Եղել է դեպք՝ 180 հատով, 120 հատով մեղվաընտանիքներ են ունեցել, անխտիր բոլորն անկել են: Պետք է նոր մեղվաընտանիքներ գնեին: Ոչ մի օգնություն չի տրամադրվել: Եղան մարդիկ, որոնք կարողացան իրենց ուժերով գնել 10-20 հատ, եղան մարդիկ, որոնք հրաժարվեցին զբաղվել մեղվապահությամբ»:
ՀԿ փոխնախագահն ասաց, որ շատ դեպքերում են համապատասխան պետական գերատեսչություններին տեղյակ պահել մեղպահաների խնդիրների մասին, սակայն որևէ աջակցություն չեն ստացել:
«Ուղղակի հոգնել են պետությանը դիմելուց ու մերժում ստանալուց: Դրա համար այս անգամ ոչ մի մեղվաբույծ չէր դիմել»,- ասաց Ա. Նազարյանը:
Նա նշեց, որ այս տարի վարակի դեպք չի գրանցվել, սակայն հստակ չի կարող ասել՝ ամբողջությամբ այն վերացել է, թե ոչ, քանի որ համապատասխան լաբորատոր ուսումնասիրություն է անհրաժեշտ, իսկ մեղվապահները հնարավորություն չունեն նման լաբորատորիայի և հետազոտության համար:
Ա. Նազարյանի խոսքով, այս տարի մեղրի խնդիր կա՝ պայմանավորված ինչպես մեղուների քանակի նվազմամբ, այնպես էլ անբարենպաստ եղանակային պայմաններով:
«Գարնանը տեղումները շատ էին, այնուհետև միանգամից շոգերը եկան: Դրա համար բույսերը նորմալ նեկտար չտվեցին: Երբ որ պետք է մի մեղվաընտանիքից 15-20 կիլոգրամ մեղր հավաքվեր, Հայաստանում հիմնականում 3-4 կիլոգրամ է հավաքվել: Դրա համար 4-5 անգամ քիչ մեղր է եղել»,- նշեց նա:
«Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ փոխնախագահի ներկայացրած տվյալներով, Հայաստանում ամեն շրջանում միջինը 8-10 հազար հատ մեղվաընտանիք կա:
Նա ընդգծեց, որ Հայաստանի մեղրը տարբերվում է մյուս երկրների մեղրից, քանի որ հայկականը բազմածաղկային մեղր է, իսկ մյուս երկրներինը՝ միածաղկային:
«Կարելի է ասել, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ծաղկատեսակները բոլորը նաև դեղաբույսային են, ինչից էլ հենց մեղրի բուժիչ հատկություններն են գալիս»,- ասաց Ա. Նազարյանը:
ՀԿ փոխնախագահն ասաց, որ մեղվաբուծությունը Հայաստանում զարգացման կարիք ունի, անհրաժեշտ է պետական սուբսիդավորում, ապահովագրություն, նաև դասընթացներ, որպեսզի մարդիկ գրագետ մեղվաբուծություն անեն:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Մեղվաբույծները խնդիրներ ունեն
- Փոխնախարարը մեղվաբույծներին հորդորում է ուշադիր լինել
- Չինաստանի պատվիրակությունը Հայաստանում ծանոթացել է մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին
- Մարդուց խելոք են. Մեղվապահը՝ մեղուների մասին
- Սահմանամերձ Բաղանիսում զարկ է տրվում մեղվապահության զարգացմանը
- Թառաթումբ գյուղում արջը մեղվի փեթակներ է վնասել
- Հայկական մեղրը ԵՄ երկրներ չի արտահանվում, քանի որ էկոլոգիապես մաքուր չէ. Մեղվաբույծների միության նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին