Մարինա Խաչատրյան. Բնակիչները փոխել են պատվաստումների նկատմամբ իրենց վերաբերմունքը
Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանն առողջապահության նախարարության հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2018 թ. մինչև 1 տարեկան և մինչև 5 տարեկան երեխաների քանի մահվան դեպք է արձանագրվել: Նա նաև քննչական կոմիտեից է ստացել տվյալներ, թե քանի դեպքով է հարուցվել քրեական գործ: Լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրած իր ստացած տվյալները: 2018 թվականին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների 260 մահվան դեպք, միայն 22 դեպքով է քրեական գործ հարուցվել, մինչև 5 տարեկան երեխաների 316 մահվան դեպք, հարուցվել է միայն 5-ով քրեական գործ:
«Բա մնացած դեպքերում ինչո՞ւ չի ուսումնասիրվել, չգիտենք՝ ի՞նչ է եղել այդ երեխաների հետ, չգիտենք, ինչի՞ հետ է կապված»,- նշեց նա:
Մ. Խաչատրյանն ասաց, որ ուսումնասիրել ու ծնողների հետ է կապվել 7 դեպքի առումով, երբ երեխաները վատացել են պատվաստումից ժամեր անց կամ մի քանի օր անց, տեղափոխվել են հիվանդանոց, գրանցվել են մահվան դեպքեր:
«Երբ որ ես հարցում ուղարկեցի առողջապահության նախարարություն, պատասխանեցին, որ պատվաստման հետ կապված որևէ խնդիր, բարդություն, մահվան դեպք չեն ունեցել: Որևէ հետազոտություն, ուսումնասիրություն չեն կատարում, պարզապես ասում են՝ պատվաստման հետ կապված չէ»,- ասաց նա:
Մ. Խաչատրյանի խոսքով, կարևոր է ստեղծել անկախ հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրեն բոլոր մանկական և մայրական մահվան դեպքերը, պարզեն պատճառները, կարողանան կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել:
Մ. Խաչատրյանն ասաց, որ բնակիչները փոխել են իրենց վերաբերմունքն ընդհանրապես պատվաստումների հետ կապված այն պատճառով, որ «Գարդասիլի» շուրջ ինչ-որ հանցագործություններ կատարվեցին, անհիմն ապօրինի հրահանգ եղավ պոլիմելիտի հետ կապված:
Նրա խոսքով, հենց առողջապահության նախարարությունը պետք է գործ անի, սակայն, կարծում է, իշխանությունը կատարում է այն, ինչի համար եկել է՝ «կոնկրետ պատվերներ կատարելու համար, ոչ թե մեր երկրի առողջապահական համակարգը կարգավորելու»:
«Նախարարը չի գնում մանկական մահացության հետքերով, հիվանդների պրոբլեմները լուծելով: Իրենից առաջ եկածներն էլ նույն պրոցեսն են արել, պարզապես նրանք դրսից այդքան ծրագրեր, պատվեներ չունեին, այլ բաներով էին զբաղված»,- ասաց Մ. Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են Հայաստանում մայրացող ու մայրացած կանայք մահանում
- Պատվաստումները՝ միայն ծնողների համաձայնության դեպքում
- ԱՆ. Փոփոխություն է կատարվելու պատվաստումների քաղաքականության մեջ
- ԱՆ. Նվազել են մանկական մահացության և թերաճության ցուցանիշները
- Գայանե Սահակյանը՝ երեխաների պատվաստումների ուշացման հետևանքների մասին
- ԱՆ.Պատվաստումների արդյունավետությունն ակնհայտ է