Սիրիայի շուրջ Էրդողան-Պուտին պայմանավորվածությունները բարդ կոմպրոմիսի արդյունք են. Ռուբեն Սաֆրաստյան
«Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածություններով Թուրքիան հրաժարվեց իր նախնական ծրագրից, որը ենթադրում էր մոտ 450կմ երկայնքով, 32կմ խորությամբ թուրք-սիրիական սահմանին այդ գոտին գրավելուց ու համաձայնեց, որ Թուրքիայի հսկողության տակ պետք է անցնի միայն 120կմ երկարությամբ տարածք՝ նվազեցնելով իր հավակնությունները»,-այսօր այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանի ու ՌԴ նախագահ Պուտինի պայմանավորվածության ու կնքված հուշագրի մասին։
Սաֆրաստյանը նշեց, որ այդ 120կմ գոտում՝ և արևելքից, և արևմուտքից, 10կմ խորությամբ պետք է տեղակայվեն թուրք-ռուսական համատեղ պարեկներ, որոնք պետք է հսկեն տարածքը։
Հուշագրի 3-րդ կետը, ըստ բանախոսի, Թուրքիայի կողմից սիմվոլիկ կոմպրոմիսի արդյունք է՝ այն է, որ սահմանին տեղակայվելու են սիրիական բանակի մշտական պարեկակետերը՝ Եփրատից դեպի արևելք։ Արդեն 30կմ խորությամբ դուրս են բերվում քրդական զինված ջոկատները՝ 1 շաբաթվա ընթացքում։
«Իհարկե, սա կոմպրոմիս է, որին գնացին և՛ թուրքերը, և՛ ռուսները՝ համաձայնելով, որ իրենց դաշնակից Սիրիայի տարածքի մոտ 120կմ տարածքն անցնի թուրքերի հսկողության տակ։ Մյուս կողմից, Սիրիան ստիպված էր համաձայնել այս կոմպրոմիսի հետ, բայց սիմվոլիկ հնարավորություն ստացավ, որ իր պարեկակետերը տեղակայվում են Թուրքիայի հետ սահմանին, քանի որ տարիներ շարունակ այնտեղ սիրիական զինվորի ոտք չէր հասել։ Կորցրեցին քրդերը, որոնք ստիպված են իրենց ջոկատները դուրս բերել այնտեղից, ինչպես նաև հարյուրավոր կյանքեր»,-ասաց Սաֆրաստյանը։
Խոսելով աշխարհաքաղաքական գնահատականների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ Թրամփը Սիրիայից զորքերի դուրսբերումն արեց, ինչպես ինքն էր հայտարարել, իր նախընտրական խոստումներին համապատասխան։
«Այստեղ կարևոր հանգամանք կա, ինչը հաճախ չի նշվում. դա այն է, որ ԱՄՆ-ը մի քանի հարյուր թվաքանակով պահում է իր զինված ջոկատներն այն տարածքներում, որոնք գտնվում են քրդերի հսկողության տակ ու որտեղ տեղակայված են նավթահորերը։ Եվ ոչ միայն պահում են, այլ նաև տանկեր են այստեղ բերելու։ Ամերիկացիները հիմնական բեռն իրենց վրայից գցում են, բայց պահում են այդ կարևոր հանգամանքը՝ նավթը։ Եվ Թրամփը դա չի էլ թաքցնում, ասելով, որ դա մեզ պետք է ու դրանով մենք պետք է ֆինանսավորենք մեր հետագա գործողություններն այս տարածաշրջանում»,-ասաց Սաֆրաստյանը։
Ռուսաստանի վերաբերյալ Սաֆրաստյանը նշեց, որ այն աշխարհաքաղաքական առումով շատ բարենպաստ վիճակում է՝ ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները օրինական ճանապարհով տեղակայվում են Սիրիա-Թուրքիա սահմանին։
«ՌԴ-ն, մյուս կողմից, տնտեսապես այն վիճակում չէ, որ այստեղ մեծաքանակ զորք կարողանա պահել»,-ասաց Սաֆրաստյանը, նշելով, որ խոսքը մոտ 10 հազար թվաքանակի մասին է Սիրիայի տարածքում։
Ինչ վերաբերում է քրդերին, ապա նրանք, չնայած շատ բան կորցրեցին, բայց իրենց հսկողության տակ պահում են նավթահորեր, զենք-զինամթերք՝ մոտ 30 հազար։
«Տեղի ունեցավ բավական բարդ կոմպրոմիս՝ Սիրիայի օրինական իշխանությունների ու քրդերի միջև՝ ռուսների միջնորդությամբ, որը հնարավորություն է բացում, որ հետագայում Աստանայի գործընթացի շուրջ բանակցություններում ևս կոմպրոմիս գտնվի ու քրդերը, ստանալով ինքնավարության ինչ-որ ձև, համաձայնեն մնալ Սիրիա պետության կազմում»,-ասաց Սաֆրաստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Amnesty International. Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա
- Շվեդիայի պատգամավորը Եվրախորհրդարանում. Մենք չենք կարող լուռ լինել ամեն անգամ, երբ Թուրքիան ցեղասպանություն է իրականացնում
- Թուրքիայի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ
- Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան