Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-սեպտեմբերին աճել է 7.1%-ով
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։ Սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ն էլ օգոստոսի նկատմամբ կազմել է 7.8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ՝ 7.5%:
Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 9.7%-ով, 2018թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 11%-ով, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ նվազել է 0.6%-ով:
Առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.8%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 15.5%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.6%-ով:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 4.8%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում անկումը կազմել է 2.2%-ով։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 5.8%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 7.9%-ով, ներմուծումը՝ 4.7%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 7.4%-ով: