Մենք ու մեր գնացքը
Ինչ-որ մի շատ կարևոր բան է խափանվել մեր հանրապետությունում։ Ասես հայտվել ենք խելահեղ արագությամբ զառիվայրից գահավիժող շարժակազմում։ Ընդ որում, ղեկի մոտ բախտի բերմամբ հայտնվածները վարել չգիտեն; մոտիկ գտնվող ստրկամիտների համար միևնույն է ՝թե ում կծառայեն; միջին վագոններում գտնվող ամենամեծ հատվածը անհաղորդ սպասում է, որ ինչ-որ մեկը կկանգնեցնի վայրէջքը; և միայն ամենից վերջում գտնվողներն են կոկորդ պատռելով զգուշացնում անդունդին մոտենալու մասին․․․ Իսկ հեռակառավարման վահանակով ղեկն ուղղորդողները հեռվից հետևում են իրենց պարտադրած ծրագրին՝ հարմար պահին փրկչի կերպարանքով հայտվելու հեռահար պլանով։
Ղեկը վարող արկածախնդիրները հնչեցնում են կարգախոսներ հանուն Հայաստանի պայծառ ապագայի՝ հանրության աչքին ազգափրկիչներ երևալու համար։ Նաև պահին համահունչ՝ անընդհատ փոփոխում են կոչերը։
Վերջին տրենդային կարգախոսներն են ՝ «Իսկ դու ցուցմունք տվե՞լ ես», «Իսկ դու մատնագիր գրե՞լ ես», «Իսկ դու խիղճդ սատկացրե՞լ ես»․․․ Մեծ ողբերգությունը չէր լինի, եթե դրանք որպես կարգախոս էլ մնային, այսինքն՝ չգտնվեին կոչն իրականացնողներ։ Բայց չէ՛, կան խիղճ ու ամոթ կորցրած մատնիչներ, որոնց երակներում երևի հոսում է ստալինյան բռնաճնշումներին մատնագրեր մատակարարողների արյունը։
Այսօրվա փորձով կարող ենք ենթադրել, որ սիլվա համբարձումյան-արման բաբաջանյանի կարգի «ազնիվ» գործ տվողների թիկունքում այն ժամանակ ևս ժրաջանորեն «դոնոսներ» էին թխում հարյուրավոր անանուններ․ այսինքն ՝ այժմյան ֆեյքերը, որոնք այն ժամանակ չգիտեմ ինչ էին կոչվում։ Բայց որ ժամանակում ինչ էլ կոչվեն, նույն լպրծուն տեսակն են, ով ծառայամտորեն ենթարկվում է օրվա իշխանությանը։
Իսկ այս իշխանությունը, կառավարման ասպարեզում իր լիակատար ապաշնորհությունը քողարկելու համար, զբաղված է ուշադրություն շեղող շոուներով․․․ կամ որ ավելի վատ է՝ գիտակցորեն քանդում է պետականության հիմքերը։ Ուրիշ ինչպե՞ս կոչել պետականակերտ ինստիտուտների և գործիչների հետևողական հեղինակազրկումը։ Բայց քանի որ կազմաքանդիչների ապաշնորհությունն անբուժելի է, հետևապես և այնքան երևակայություն էլ չունեն, օրինակ, թիրախ-մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելիս։ Բանից պարզվում է՝ բոլորն մեղադրյալները սահմանադրական կարգ են տապալել և իշխանություն են յուրացրել։
Զավեշտն այն է, որ այլոց նման մեղադրանք առաջադրողները հենց իրենք են խախտել ՀՀ Սահմանադրությունը, հենց իրենք են իշխանությունը յուրացրել․․․ և հե՛նց այդ պատճառով են թույլ ու խախուտ նրանց դիրքերը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ պաշտոնի և դիրքի տված վաղանցիկ ամենակարողությունն ընդունելով որպես սեփական ուժ՝ պայքարում են իրական ուժերի դեմ։ Երբեմն անգամ խղճում ես, ինչպես կխղճաս իրենից մի քանի անգամ խոշոր և ուժեղ բռնցքամարտիկի դեմ կռվելու համար ռինգ նետված թեթևքաշայինին, ով խաբվել է քծնանքին և առաջարկվող վարձատրությանը։
ՀՀ երկրորդ նախագահի դեմ սանձազերծած քաղաքական հաշվեհարդարի 17 ամիսները ցույց տվեցին, որ իշխանությունները դեմ են առել պինդ ապառաժի։ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, հիմա նաև Արսեն Բաբայանի, Նարեկ Մութաֆյանի, Սարգիս Օհանջանյանի ամրությունը դարձավ համախմբման շաղախ՝ իշխանությունների վարած ապագային քաղաքականությունից դժգոհ ուժերի և մարդկանց համար։ Իսկ ՍԴ-ի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ վայրի արշավը՝ միավորելով բազմաթիվ իրավաբանների և հասարակական գործիչների, միջայնազգացրեց Հայաստանում կատարվող իրավական «բեսպրեդելը»։
Այնուամենայնիվ, որքան էլ կարևոր լինեն վերջին վագոնից ահազանգողների կամ միջազգային կառույցների դիրքորոշումներն ու արարքները, մեր պետություն-շարժակազմի վայրընթացը կարող են կասեցնել դեկտեմբերյան ընտրություններին չմասնակցած, ուրիշներից փրկություն ակնկալող կիսաանտարբերների 52 տոկոսը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի բնակչության կեսից ավելին։ Իսկ ինչ կարո՞ղ են նրանք անել․․․ պետք է միայն գիտակցեն, որ իրենց փրկությունն իրենց իսկ ձեռքերում է։ Պետք է միայն ստանձնեն մի փոքր պատասխանատվություն, և կողքից նայելու փոխարեն՝ ծանրության կենտրոնը հօգուտ պետության շահերի փոխելով կանգնեցնեն գահավիժումը։ Այդ դեպքում նույնիսկ հեռակառավարողները ոչինչ չեն կարողանա անել։
Լիա Իվանյան, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին