Պատգամավորները՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
«Ես կարծիք եմ հայտնել առաջին՝ պաշտոնեական կեղծիքի մեղադրանքի հետ կապված, ըստ որի, Արսեն Բաբայանին հնարավոր չէ ձերբակալել, կալանավորել։ Դրանից հետո առաջադրվել է այլ մեղադրանք, որով նա կալանավորվել է։ Ես իմ հայտարարությունում մտահոգություն եմ հայտնել՝ ընթացող պրոցեսի հետ կապված»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը։
Նրա խոսքով՝ հիմա նա որպես օժանդակող է մեղադրվում, բայց պետք է հասկանալ, թե ո՞ւմ է Արսեն Բաբայանն օժանդակել՝ Բաբլոյանի՞ն, Թովմասյանի՞ն։
«Նա, ում օժանդակել է, չկա քրեական գործում։ ՀՔԾ-ում թող քննեն։ Չի բացառվում, որ ինչ որ պահի ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ։ Ամեն դեպքում, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին։ Ցանկացած գործընթաց, որը դուրս կգա օրենքի շրջանակներից, մենք մեր մտահոգությունը կհայտնենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Իգիթյանն ու Անդրանիկ Քոչարյանը նույնպես անդրադարձան Արսեն Բաբայանի կալանավորմանը։
Հարցին, թե արդյոք Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ եթե ժամանակ ունենար, կպատմեր, թե ինչ է նշանակում «քաղաքական գործընթացը»։
«Կանչում են մարդուն և հարցեր են տալիս։ Օրինակ` դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե չէ, ո՞ւր եք ուղարկել։ Հարցեր տալու համար մարդուն կանչում են, ոչ թե մտնում են նրա տուն, դուռը ջարդում և որպես վկա, ձեռքերը ոլորելով դնում են մեքենա։ Հարուցվել է գործ, և գործի շրջանակներում կան որոշակի հանգամանքներ, որոնք պետք է պարզել, այդ գործի շրջանակում տրվում են հարցեր։ Եթե դա համարվում է «քաղաքական հալածանք», ուրեմն քաղաքակիրթ ամբողջ աշխարհում բոլորին հալածում են»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։
Հարցին՝ արդյոք այդ գործընթացն ուղղված չէ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, պատգամավորը նշեց, որ այդ թեմայով ավելի լավ է չխոսել, քանի որ, ըստ իրեն՝ Հրայր Թովմասյանն ուզում է, որ հարցը դառնա քաղաքական։ «Հրայր Թովմասյանն անընդհատ անում է քաղաքական հայտարարություններ, իսկ մենք ամեն ինչ փորձում ենք անել, որ հարցը նայվի իրավական հարթակում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ
- Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Ակցիա. «Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին»
- Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը կլինի վաղը. Ռուբեն Մելիքյան
- Գոհար Մելոյան. Բավարար հիմքեր կան, որԱրսեն Բաբայանի նկատմամբ վերաբերյալ միջնորդությունը մերժվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան