Կրթության և գիտության ոլորտին 2020 թվականի պետբյուջեով կհատկացվի 158 մլրդ դրամ. Արմեն Քթոյան
«2020 թվականի բյուջեի նախագծում կրթության և գիտության ոլորտի համար չնայած ծախսերի աճ է նախատեսված, բայց հարաբերական ցուցանիշների առումով տեղաշարժ չունենք»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում հանդիպման ժամանակ նշեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Արմեն Քթոյանը։
Նրա խոսքով, կարելի է ենթադրել, որ կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության կարևոր շեշտադրումը ոչ թե ծախսերի ավելացումն է, այլ դրանց արդյունավետ օգտագործումը՝ ծախսերի վերաբաշխմամբ։
«Կրթության և գիտության ոլորտում նախատեսվում է 2020 թվականի համար ծախսել 158 մլրդ դրամ, որը 2019 թվականի համեմատ 12 տոկոսի աճ է ենթադրում։ Ինչ որ առումով սա առաջանցիկ է ՀՆԱ աճի նկատմամբ, բայց էլի հարաբերական ցուցանիշների առումով որակական առաջխաղացում չի ապահովում»,- ասաց փորձագետը։
Նա նշեց, որ կառավարության կողմից լուրջ ուղղություն է համարվում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը, որի ֆինանսավորմանը աճը 2020 թվականի բյուջեի նախագծում կազմում է 22,6 տոկոս։
«Այդ ֆինանսավորման մի զգալի մասն ուղղվելու է շենքային պայմանների բարելավմանը, այսինքն՝ ենթակառուցվածնքերի ձևավորում, շենքերի կահավորում։ Թերևս մեզ նման երկրներում է, որ բարձրագույն կրթություն չունենալը թերարժեքության զգացում է առաջացնում, բայց նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում բարձրագույն կրթություն ունենալն ընդհանրապես պարտադիր չէ մասնագետի համար, բարձրագույն կրթությունն ընդհանրապես ինքնանպատակ չէ, ինչպես մեզ մոտ»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան