«Թումոյի» սաների ջանքերով Գառնին կներկայացվի եռաչափ մոդելավորմամբ
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները ԱՄՆ-ից ժամանած Դեյվին Ղարախանյանի ու Ջեֆ Ուիլկինսի հետ միասին մի քանի օր է ինչ լուսանկարում են Գառնիի տաճարը, ենթահուշարձանները, արգելոց-թանգարանի ողջ տարածքը։ Թումոյի սաները անօդաչու սարքի միջոցով «անմահացնում» են նաև Գառնին վերևից։ Նրանք ասել են, որ իրենց նպատակը՝ Գառնին եռաչափ մոդելավորմամբ ներկայացնելն է։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ մինչ արգելոց-թանգարանի տարածքում աշխատելը արտերկրից ժամանած մասնագետները, «Թումո» կենտրոնի սաների համար մշակութային ժառանգության թվայնացման հատուկ դասընթաց են անցկացրել։ Սկանավորման համար Գառնին ընտրվել է պատմաճարտարապետական նշանակության ու յուրօրինակ գեղեցկության նկատառումով։
Անօդաչու սարքով տաճարի ամենագեղեցիկ կադրերն անմահացնող Վահե Սարգսյանի համոզմամբ, նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն պատկերել հուշահամալիրը իր ճարտարապետական լուծումներով, այլև՝ կօգնի մասնագետներին հետագա աշխատանքների ժամանակ։ Նրա փոխանցմամբ, եռաչափ մոդելավորումը նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելուն է միտված։ Երիտասարդ մասնագետն անկեղծացել է. «Ինձ թվում էր նախկինում եղել եմ Գառնիում, բայց կադրերը նկարելուց նորովի տեսա ամեն ինչ ու հասկացա, որ առաջին անգամ եմ այստեղ»։
Միացյալ նահանգներից ժամանած Ջեֆ Ուիլկինսի համոզմամբ, իրենք ճշգրիտ սկանավորում են տաճարը ներսից, ողջ հարակից տարածքը ու եռաչափ մոդելավորմամբ Գառնին կարող են տեսնել նաև աշխարհի տարբեր երկրներում։
Հաջորդ շաբաթ երիտասարդները կավարտեն իրենց աշխատանքը՝ այն ներկայացնելով տեսահոլովակի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան