Շվեդիայի պատգամավորը Եվրախորհրդարանում. Մենք չենք կարող լուռ լինել ամեն անգամ, երբ Թուրքիան ցեղասպանություն է իրականացնում
Եվրոպական խորհրդարանում Շվեդիայի պատգամավոր Էվին Ինջիրը նախօրեին Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում ելույթ է ունեցել ու խոսել Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների մասին։
Էվին Ինջիրն իր ելույթում նշել է, որ ամաչում է, թե որքան պասիվ են միջազգային հանրությունն ու ԵՄ-ն՝ Ռոջավայում (Սիրիական Քուրդիստան) ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպանության հարցում: Ժամանակն է, որպեսզի ԵՄ-ն և միջազգային հանրությունը գործեն, «նախքան մենք կտեսնենք ավելի մեծ մարդասիրական աղետ»:
Պատգամավորը նշել է, որ հույս ուներ, որ Թուրքիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը կպարունակեր նաև այնպիսի գործողություններ, ինչպիսին է օրինակ Ռոջավայում ոչ-թռիչքային գոտի սահմանելը և որ ԵՄ-ն կնախաձեռներ Թուրքիա-Սիրիա սահմանի մոնիտորինգ՝ խաղաղապահ ուժերի միջոցով։
«Մենք պետք է վերջին իրադարձություններն անվանենք իրենց իրական անուններով. սա ներխուժում է՝ բռնազավթման նպատակով, այլ ոչ թե օպերացիա»,-ասել է պատգամավորը։
Ինջիրը նշել է, որ օրեր առաջ է եղել Իրաքի Քուրդիստանում, հանդիպել 12-ամյա Մուհամեդին, որը Թուրքիայի գործողություններից տուժածնեից մեկն է ու նրա միակ մեղքն այն է, որ քուրդ է ծնվել այն ժամանակ, երբ Թուրքիան կառավարում է դիկտատոր Էրդողանը։
«100 տարի առաջ Էնվեր Փաշան իրականացրեց պատմության մեջ հայերի, սիրիացիների, ասորիների ու քրիստոնեա այլ համայնքների ամենասարսափելի ցեղասպանությունը։ Մոտ 50 տարի առաջ Բյուլենթ Էջևիթը հրամայեց իրականացնել Հյուսիսային Կպիրոս ներխուժումը։ Այժմ՝ 2 շաբաթ առաջ Էրդողանը որոշեց ներխուժել Ռոջավա։ Մենք չենք կարող լուռ լինել ամեն անգամ»,-ասել է պատգամավորը։
Նշենք, որ Էվին Ինջիրը քրդական արմատներ ունի ու ծնվել է Թուրքիայում, ապա արտագաղթել Շվեդիա, որտեղից էլ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2019թ.-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում