Սաֆրաստյան. Էրդողան-Պուտին բանակցություններում, հավանական է, քննարկվել է հայերի անվտանգության հարցը
«Հայկական հարցը շատ հետաքրքիր ձևով ի հայտ եկավ։ Մի կողմից, ինչպես վկայում է ՀՀ վարչապետի գրառումը, հավանական է, մինչև թուրքերի հետ այս համաձայնությունը ստորագրելը հայկական կողմը կարողացել է ռուսների հետ համաձայնության գալ, ու Էրդողան-Պուտին մոտ 6 ժամ տևած բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև հատուկ հայերի անվտանգության հարցը, օրինակ Կամիշլիում, որտեղ հիմնականում հայ ազգաբնակչությունն է։ Կամիշլին մնում է թուրքերից ազատ»,- այսօր այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանի ու ՌԴ նախագահ Պուտինի՝ Սիրիայում իրավիճակի շուրջ պայմանավորվածության ու կնքված հուշագրի մասին։
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, երբ Էրդողանը մեկնաբանում էր ձեռք բերված համաձայնությունները, ասաց, որ հաշվի են առել ոչ միայն քրդերի հետ կապված խնդիրները, այլ նաև ասորիների, արաբների հետ կապված խնդիրները՝ չնշելով հայերին։ Սակայն, ըստ բանախոսի, հավանական է հայերի հարցն էլ է բարձրացվել։
«Պետք է ենթադրել, որ թուրքերը որոշակի հավաստիացումներ են տվել, որ իրենց հսկողության տակ գտնվող տարածքներում հայերի դեմ ոտնձգություններ տեղի չեն ունենա»,-ասաց Սաֆրաստյանը։
Բանախոսը նշեց նաև, որ հայկական հարցը սկսել է արծարծվել նաև ԱՄՆ-ում, որտեղ հաջորդ շաբաթ Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման բանաձևն է քվեարկության դրվելու։
«Եթե մենք գնահատում ենք մեր տեսակետից, ապա հետաքրքիր բան է տեղի ունեցել. աշխարհի 2 հզոր պետություններն անդրադարձել են հայկական հարցին՝ դրական առումով։ Սա մեր պատմության բացառիկ երևույթներից է, ինչը մենք պետք է հաշվի առնենք»,-ասաց Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետը ֆեյսբուքում գրել էր, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի շուրջ Էրդողան-Պուտին պայմանավորվածությունները բարդ կոմպրոմիսի արդյունք են. Ռուբեն Սաֆրաստյան
- Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձ են ունեցել նաև Սիրիայի հայության անվտանգությանը. Փաշինյան
- Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին