Մոսկվայում ամփոփվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկացնում է վարչապետն իր էջում, ամփոփվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները:
«Ուզում եմ ընդգծել, որ քննարկումներն ինչպես միշտ եղել են կառուցողական և մեզ հաջողվել է գալ համաձայնության գրթե բոլոր հարցերի շուրջ: Մենք վերանայել ենք ինտեգրացիոն շրջանակում մի շարք դրույթներ: Դրանցից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է:
«ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար: Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին: Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը»,- նշեց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նաև ավելացրեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 4 տարվա գործունեության ընթացքում իսկապես մեծ ծավալով աշխատանք է կատարել: ԵԱՏՄ ինստիտուտների ստեղծման և ամրապնդման առումով, շոշափելի արդյունքներ են գրանցվել: Փաշինյանի փոխանցմամբ՝ համաձայնագիր կստորագրվի Սերբիայի հետ:
Իսկ վերջում, վարչապետը հիշեցրեց, որ այսօրվա նիստը Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, որին ինքը մասնակցում է որպես նախագահող: