Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր
Լոռու մարզում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը հայտնեց, որ թեև նրա մոտ բացասական դինամիկա չկա, բայց վիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր։
Նրա խոսքով՝ այրվել է հրշեջի մարմնի մակերեսի 40%-ը՝ գլուխ, ստորին և վերին վերջույթներ, և վերին շնչուղիների՝ 10%-ը:
«Նա ունի խորը՝ 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ, և հետագա խնդիրներից խուսափելու համար այսօր լամպասային կտրվածքներ ենք արել։ Ամեն ինչ արվում է երիտասարդի վիճակը կայունացնելու համար»,- ասաց Կարինե Բաբայանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով ՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: