Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շնորհիվ 33 կյանք է փրկվել
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում այսօր մեկնարկեց «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» (EFI) 8-րդ տարածաշրջանային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են իմունոլոգիայի և փոխպատվաստման բնագավառում ճանաչում ունեցող մասնագետներ Գերմանիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իրանից։
«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆրիդա Ջորդանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի նպատակն է ներկայացնել HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների/օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:
Անդրադառնալով Ռեեստրի գործունեությանը՝ հիմնադրամի նախագահն ասաց, որ գործունեության 20 տարվա ընթացքում Ռեեստրին անդամագրվել են ավելի քան 31 հազար դոնորներ, որոնցից 2300-ը՝ Հայաստանից և Արցախից, 7000-ը՝ Սփյուռքից (ԱՄՆ, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրնասիա և այլն)։
Նրա խոսքով՝ մինչև օրս աշխարհի տարբեր երկրներից Ռեեստրին դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 33-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները։
Ֆրիդա Ջորդանը նշեց, որ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին կարող են անդամագրվել 18-50 տարեկան մարդիկ։ «Որքան շատ լինեն դոնորները, այնքան շատ հիվանդներ կկարողանան գտնել իրենց համատեղելի դոնոր և այդքան շատ կյանքեր կփրկվեն»,-ասաց նա:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն էլ ասաց, որ Հայաստանում՝ Արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում, արդեն երկու տարի հաջողությամբ իրականացվում է ցողունային բջիջների ինքնափոխպատվաստում, այսինքն՝ ցողունաբջիջը վերցվում է հիվանդի արյունից կամ ոսկրածուծից։ «Հայաստանում դեռևս ազգակցական դոնորների փոխպատվաստում չի կատարվում, բայց հույս ունենք, որ մոտ ապագայում մեզ մոտ ևս նման փոխպատվաստում կիրականացվի»,- նշեց նա։
Անդրադառնալով համատեղելիությանը՝ Միհրան Նազարթեյանը նկատեց, որ բացի այն, որ հայը հային կարող է դոնոր լինել, հայերը կարող են ոսկրածուծ տալ նաև այլ էթնիկ խմբի, օրինակ՝ հույներին, հրեաներին, իտալացիներին, արաբներին, իրանցիներին, նույնիսկ թուրքերին։
Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն» անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: