
«Սասնա Ծռեր»-ը պահանջում են պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով պահանջում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը, ըստ կուսակցության, նախօրեին նրա տված հարցազրույցն է։
«Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԲԲՍ-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ ազգային շահերին արմատապես հակասող պնդումներով ու դատողություններով, այդ թվում՝ ժխտել է Արցախի հայաստանապատկանությունը։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի հարցում երկու լարի վրա խաղալու կործանարար վարքագիծը և «Արցախը Հայաստան է և վերջ»-ը դարձնել պետական քաղաքականություն։
Ինչ վերաբերվում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա պետք է բացատրություն ներկայացնի իր ապազգային և հակապետական պնդումների ու դատողությունների համար և հեռացվի զբաղեցրած պաշտոնից»,-ասված է հայտարարության մեջ։