Քաղաքագետ. Պետք է շնորհակալ լինենք BBC-ի հաղորդավարին, որ օգնեց ճանաչել մեր արտգործնախարարին
BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցից դժգոհ է նաև քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մնացականյանը նույն հարցազրույցում ասում է, որ ինքը քաղաքական գործիչ է, քանի որ ԱԳ նախարարը ոչ միայն դիվանգիտական, այլև քաղաքական պաշտոն է։ Ակնհայտորեն այնտեղ քաղաքական գործիչ չկար, նա ընդամենը դիվանագետ էր, որը միշտ փորձում էր խուսանավել հարցերից, իսկ հարցերը քաղաքական էին»,-Panorama.am-ի հետ զրույցում իր գնահատականն այսպես է հիմնավորում Դանիելյանը։
Նա պնդում է, նման կարծիք ունեն նաև արտոգրծնախարարության աշխատակիցներից ոմանք, որոնք, բնականաբար չեն կարող բարձրաձայնել։ Ըստ քաղաքագետի, նրանք էլ նշում են, որ Մնացականյանը քաղաքական գործիչ չէ ու քաղաքական հարցերում չի կարողանում կողմնորոշվել, մինչդեռ բանակցությունները և նման հարցազրույցները քաղաքական են։
«Սակայն օբյեկտիվորեն պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար լինելը չափազանց դժվար գործ է։ Երբ կառավարության ղեկավարն անում է իրարամերժ հայտարարություններ, դրանք ինչ-որ ձև հարթելն անմարդկայնորեն դժվար է, և մարդկայնորեն կարելի է հասկանալ Մնացականյանին։ Բայց այնուամենայնիցվ կան հարցեր, որոնց ինքը պետք է պատրաստված լիներ»,-ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով, օրինակ երբ հաղորդավարը նկատում է՝ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է բավարարի բոլոր կողմերին, հետո ասում ՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», ապա փակում է բանակցությունների հնարավարությունը, ապա գոնե այս հարցին Մնացականյանը պետք է պատրաստված լիներ, պետք է իմանար, որ այդ մասին իրեն շատ են հարցնելու։
«Առաջին հայացքից պատասխանը պարզ է, պետք էր հիշեցնել Ալիևի հայտարարությունները, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Սյունիքը Ադրբեջանն է։ Պետք էր ցույց տալ, որ «Արցախը Հայաստանն է»-ն դրանց համապատասխանն է։ Դրա համար շատ խելք պետք չէ ունենալ»,-ասաց նա։
Ստեփան Դանիելյանն այս հարցազրույցից հետո հասկացել է, որ ամենևին էլ լեզվի սայթաքում չեն Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանի հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ «Արցախը տարածք է, որտեղ բնակվում են հայերը»։
«Սա շատ «անհասկանալի» ձևակերպում էր»,-նկատեց նա։
Ինչ վերաբերում է աշխարհքաղաքական մոտեցումների վերաբերյալ հարցերի պատասխաններին, ապա Panorama.am-ի զրուցակցի խոսքով, ընդամենը պետք էր ասել.
«Գնացեք, հարցրեք քրդերին, թե իրենց կողմնորոշումների արդյունքում նրանք հիմա ի՞նչ վիճակում են։ Պետք էր հիշեցնել նաև, որ Հայաստանը Ցեղասպանություն ապրած երկիր է, երբ բոլորը լսում են ու լռում, անգամ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ցեղասպանությունը։ Դրա համար մեզ խելք սովորեցնել պետք չէ, թե ինչպես մեզ պահել»։
Ստեփան Դանիելյանը հարցազրույցում թույլ տված ձախողումներն ու վրիպումները պայմանավորում է նաև Մնացականյանի մարդկային որակներով. «Համարձակ չէ, երևի արժանապատվության հետ կապված խնդիրներ ունի, շատ դեպքերում նա պետության ներկայացուցիչ է, և տղամարդկային հակադարձումներ են պետք ինչ-որ առումով»։
Քաղաքագետի գնահատմամբ, հաղորդավարը պրոֆեսիոնալ էր, շատ պատրաստված, նրա գործը պրովոկացիաներ անելն էր, ինչը շատ լավ կատարում էր։
«Մենք պետք է շնորհակալ լինենք հաղորդավարին, որ մեզ օգնեց նման իրավիճակում ճանաչել մեր արտգործնախարարին ու նրա ունակությունները։ Կրկնում եմ՝ առաջինը. նա քաղաքական գործիչ չէ, երկրորդը. կողմնորոշվող չէ տարբեր հարցերի ժամանակ, երրորդը. տնային աշխատանքը չի կատարել, որոշ հարցերի ժամանակ պետք է ունենար հստակ պատասխաններ»։