«Հոկտեմբերի 27»՝ առաջին ահազանգողը
20 տարի առաջ՝ 1999 թվականին ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը հոկտեմբերի 27-ին առաջին է ահազանգել ներքին գործերի նախարարություն ու հայտնել, որ Ազգային ժողովի վրա հարձակում է կատարվել, ահաբեկչություն է:
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ինքը գնում էր բուֆետ սուրճ խմելու, աստիճանավանդակի վրա հանդիպել է Նաիրի Հունանյանին (հետո է իմացել, թե ով է), որն ավտոմատն ուղղել է իր վրա ու ասել, որ կխփի, կամաց իջի:
«Այստեղից հասկացա, որ ահաբեկչություն է: Վազեցի իմ առանձնասենյակ զենքիս հետևից, ընկերս՝ Էդմոն Ծատուրյանը, դրել էր այն չհրկիզվող պահարանի մեջ: Անմիջապես Վահան Հովհաննիսյանի մոտից զանգ տվեցի ներքին գործերի հերթապահին, ասացի, որ ահաբեկչություն է, միացրեց տեղակալին՝ Վարյան Հովիկին, ներկայացա ու ասացի, որ ահաբեկչություն է, հարձակում է Ազգային ժողովի վրա»,- հակիրճ ներկայացրեց Գ. Եղիազարյանը:
Նրանք դեռ տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում:
Նա նշեց, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը բացահայտված չէ, և որ ինքը «այդտեղ թուրքական հետք է տեսնում»:
«Բացահայտումի վրա մարդիկ տարբեր ստեր են շրջանառության մեջ գցում, խոսում են ռուսական հետքի մասին: Հիմարության գագաթնակետն է»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Նշեք, որ Գուրգեն Եղիազարյանը «Հոկտեմբերի 27»-ի մասին վեպ է գրել: «Գայլի հանգույց» վեպի թեման թուրքական արտաքին հետախուզությունն է՝ ՄԻՏ- ը, դրա ծավալած գործունեությունը Հայաստանում։ Նա համոզված է, որ հենց ՄԻՏ-ի գործունեության հետ է կապված «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը:
«Ինչու եմ այդպես կարծում, որովհետև Հայաստանը պետք է չունենար ժողովրդի կողմից սիրված, հարգված և պաշտված մի անձնավորություն, ինչպիսին Կարեն Դեմիրճյանն էր։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ուղղված էր հենց Կարեն Դեմիրճյանի դեմ։ Բայց գրքում կհանդիպեք նրան ոչ թե Դեմիրճյան, այլ Դարբինյան ազգանունով»,- գրքի մասին խոսելիս՝ ասել էր Գ. Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան