ԱԳ նախարարը բացատրում է, թե ինչ է ցանկացել ասել BBC-ի հարցազրույցում «Լեռնային Ղարաբաղի մասին»
Այսօր Երևանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց օրերս BBC-ի «Hard Talk» ծրագրին տված հարցազրույցի պատճառով քննադատություններին, մասնավորապես, Արցախի հետ կապված։
«Նման հաղորդումը ժողովրդավարական երկրում ներքաղաքական դեբատի առիթ է լինում ու Հայաստանը բացառություն չէ։ Այս առիթով ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ ՀՀ-ում գործում է բազմակարծություն, գոյություն ունի քննադատություն, աջակցություն։ Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է»,-ասաց ԱԳ նախարարը, ասելով, որ նաև շնորհակալ է տարբեր կարծիքների համար՝ քննադատական, կառուցողական, ինչը շատ օգտակար էր լսելը։
Անդրադառնալով Արցախի հետ կապված հարցին, նախարարը նշեց՝ հուսով է, որ բոլորն են կիսում այն դիրքորոշումը, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար կարևորագույն հարցը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի կարգավիճակը։
«Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ, մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է։ Մեզ համար առաջնայինը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով։ Բնականաբար, Արցախը, ինչպես ՀՀ-ն, տարածք է, որտեղ ապրում են հայեր: Որպեսզի այն մնա պատմական, հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում։ Մենք եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը, հավելելով, որ այս ուղերձն է, որը եղել ու մնում է հիմնականը, որը տարբեր ձևաչափերով, մեթոդներով շարունակելու են ամրապնդել։