Վերջին հրաժեշտը՝ հերոս փրկարարին
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը:
Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին:
Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին: