Ժողովուրդը հպարտանում է Անդրանիկով, բայց արձանով՝ ոչ
Վանաձորում հոկտեմբերի 26-ին քաղաքի հիմնադրման 191-ամյակի առթիվ բացվել է զորավար Անդրանիկի հուշարձանը: Այն դարձել է լայն քննարկման առարկա՝ ֆեյսբուքում քաղաքացիները դժգոհ են արձանի տեսքից, գտնում են, որ այն ոչ միայն չի ներկայացնում Անդրանիկին, այլև՝ արժան չէ հերոսին։
Արձանը արդեն ունի պիտակ՝ «հերթական հերոսը՝ յուբկայով», դարձել է մեմերի առիթ։
Panorama.am –ը հետաքրքվեց արձանի ստեղծման պատմությամբ՝ այն կառուցվել է համաժողովրդական նվիրատվություններով «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ: Շուրջ 8 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը տեղադրված է Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում:
Panorama.am-ի հետ զրույցում «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանն ասաց, որ զորավարի ամենամեծ բրոնզաձույլ արձանն է, միայն ձուլման համար 8 միլիոն դրամ են ծախսել: Նա նշեց, որ դեռ 1990 թվականին քաղաքում Անդրանիկի անունով փողոց է անվանակոչվել, մի խումբ լոռեցի հայրենասերներ տեղադրել են հուշաքար:
«Դրանից 28 տարի անց Անդրանիկի ծննդյան օրը, որը մենք միշտ համակիրներով, ընկերներով նշում ենք, որոշեցինք, որ արձան տեղադրենք քաղաքում: Մենք մեր գաղափարի մասին հայտնեցինք Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր ընկերներին, համակիրներին, բոլորն ասացին, որ մեր կողքին կանգնած են»,- պատմեց Ն. Զուլոյանը:
Հայտարարվել է մրցույթ, հաղթել է քանդակագործ Գեղամ Բեկջանյանը: Ն. Զուլոյանն ասաց, որ քանդակի ու պատվանդանի գաղափարը «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ին է. ««Անդրանիկին» նվիրված երգ կա, այնտեղ բառեր կան՝ իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,…: Կարևոր մի դրվագ արձանի վրա՝ սուրը կիսով է դրված պատյանի մեջ, այսինքն պատրաստ է հանելու այն: Զորավարը միշտ իր հուշերում գրում էր՝ գործս կիսատ մնաց, կոչ է սերունդներին շարունակել իր գործը:
Պատվանդանի մի կողմն ավելի մեծ է, առաջ եկած, մյուս կողմը փոքր, ինչը նշանակում է այսօրվա Հայաստանն ու կորցրած Հայաստանը: Պատվանդանի դիմացի կարմիր զոլը նշանակում է արյունով կիսված»:
Նա նշեց, որ Վանաձորի քաղաքապետարանը հաստատել է ՀԿ-ի ներկայացրած ծրագիրը, աջակցել է հուշարձանի տարածքի բարեկարգմանը:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում բացվել է զորավար Անդրանիկի հուշարձանը
- Հայաստանն ինձ համար Երևանը չէ, այլ Ուջանը, ուր կանգնած է Անդրանիկի արձանը. դերսիմահայ երիտասարդ
- Բացվելու է Զորավար Անդրանիկի 150 -ամյակին նվիրված ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան