Չթռչողը թռչողի համար չի վճարում. Տ. Ռևազյանի պարզաբանումը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազատություն ռադիակայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է քաղաքացիների հարցերին, մասնավորապես՝ արդյո՞ք չթռչողը վճարելու է թռչողի համար, ինչո՞ւ պետք է պետությունը վճարի ընկերությանը՝ էժան ավիատոմսերի համար: Ռևազյանը պարզաբանել է Ryanair-ի շուրջ ծավալված քննարկումները, նշելով. «Փետրվար ամսից բանակցել ենք Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ: Իրականում լավ պայմաններ են: Մենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանում ենք, դա բոլորի համար է, ոչ միայն Ryanair-ի: Այսինքն ՝ չթռչողը թռչողի համար չի վճարում, այս անհանգստությունը չկա»:
Ավիատոմսերի, այսպես ասած, մատչելի գներից խոսելիս Ռևազյանը հստակեցրեց , որ և էժան, և թանկ տոմսեր կլինեն՝ կախված ծառայություններից. «35, 50, թե 100 եվրո լինի, քաղաքացին վճարվում է բուն ավիատոմսի համար: Եթե մենք ուզում ենք ավելացնել սնունդ, ուղեբեռ և այլն, ապա այլ ծառայությունների համար էլ հավելյալ վճար է նախատեսված: Ուղևորն է ընտրում ցանկանում է օգտվել այդ ծառայություններից,թե ՝ ոչ: Ryanair-ը շատ փոքր ճամպրուկ է թույլ տալիս ,եթե փորձեն շրջանցել պահանջը, ապա կստիպեն հավելյալ վճարել: Ընկերության ներկայացուցիչը ասաց, որ 35 եվրո միջին գինն է, դա չի նշանակում , որ թանկ տոմս չի լինելու»:
Քաղաքացիների ստվար զանգվածին հետաքրքրում էր,թե երբվանի՞ց եք սկսելու մտածել հայկական ավիացիայի մասին:
«Ես ուզում եմ, որ մենք ունենանք տեղական ավիաընկերություն, բայց դա ճիշտ պայմաններում ստեղծվի, այսինքն ՝պարտքեր չկուտակվեն: Բայց դա մեր իրավունքը չի: Մեր բուն գործառույթը ազգային փոխադրող ստեղծելը չի: Եթե ավիաընկերությունը գրանցված է Հայաստանում, ապա դա է մեր սպասարկման ներքո է»,-ասաց Ռևազյանը: