Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան օրն է
Այսօր հայ գեղանկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1857թվականին Սիղնաղում (Կախեթի մարզ, Վրաստան):
Գ. Բաշինջաղյանը հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899–1901 թթ-ին՝ Փարիզում: Թեև նա կյանքի մեծ մասը անցկացրել է Թիֆլիսում, իր աշխատանքներում գերակշռում են Հայաստանին նվիրված թեմաները։
Նրա` որպես մեծ հայրենասերի մասին հիացմունքով գրել է նաև Ավետիք Իսահակյանը, որ նրա հետ ծանոթացել էր 1896թվականին. «Մեր սերունդը զմայլված էր Բաշինջաղյանի գործերով, և մենք նրա ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում: Ես հետաքրքրությամբ էի լսում նշանավոր նկարչի պատմությունները: Ուր ասես, որ նա չի եղել` Եվրոպայում, Ռուսաստանում... հատկապես լավ գիտեր Իտալիան և Փարիզը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի, Լուվրի գանձերը նրան լավ հայտնի էին: Նա պատմելու հատուկ տաղանդ ուներ: Հիշում եմ` ինչպես էր նկարագրում Զանգեզուրը, Ղարաբաղը և Անին. իսկական հայրենասեր էր»:
Բաշինջաղյանը շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:
Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար:
Նա իր անհատական վախճանին պատրաստվում էր իբրև Նկարիչ: Ուսումնասիրում էր մեծն Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, հանդես էր գալիս որպես գրող և գրականագետ: Հաճախ այցելում էր Սբ. Գևորգ եկեղեցի և տեղ փնտրում գմբեթի տակ: 1925թ. հոկտեմբերի 3-ին վերջին անգամ հարազատներին հիշեցնում է իր թաղման տեղը` եկեղեցու գավթում, Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին. «Սեն Դընիից վատը չէ»: Նա մահացել է 1925 թվականի հոկտեմբերի 4-ին Թիֆլիսում:
«…մեծ բազմության մեջ նա աչքի էր ընկնում իր կիրթ շարժուձևով և փոքր-ինչ երազուն նայվածքով, ուստի և նրան տեսնողը ուրիշ բան չեր կարող ենթադրել, եթե ոչ միայն այն, որ այդ մարդը արվեստագետ է: … Այնքան պրոֆեսիան իր կնիքն էր դրել նրա վրա` նուրբ զգայնությունը, դիտող աչք և արտիստիկ մաներներ…»,- հատված Ս. Զորյանի «Հուշերի գրքից»՝ Գ. Բաշինջաղյանի մասին:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր։
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան