2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված են 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ունենք 27,4 տոկոս աճ: Ինչո՞ւ 2018 թ-ի համեմատ, որովհետև հեղափոխության համատեքստում բյուջեի աճի կոնկրետ ցուցանիշներ եմ դրել: Իհարկե, տասննորդականներով ամբողջապես չի համընկնում սա, բայց նաև այս տարվա փորձը հաշվի առնելով, հույս ունեմ, որ փաստացի կատարման առումով մենք ավելի լուրջ ցուցանիշներ կարձանագրենք: Իսկ ծախսերի առումով ճշգրիտ համընկնում է այն պատկերացումներին, որոնց մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, ծախսերի առումով աճը 29,9 տոկոս է, այսինքն՝ մոտ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում 2018 թ-ի համեմատ բյուջետային հատկացումների 33 % աճ կա, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտում՝ 41% աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում՝ 21% աճ:
Անդրադառնալով պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջերս շատ են խոսում պաշտպանական ծախսերի մասին. «Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի համեմատ 2020թ-ին պաշտպանական ոլորտում պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում»։
Նրա խոսքով՝ ռազմական ծախսերի մասով կա որոշակի օրենսդրական կարգավորումներ, որը չպետք է անցնի ՀՆԱ-ի 4 %-ը:
«Մենք պետք է մնանք այդ շրջանակներում: Բայց նաև պետք է արձանագրել, որ ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Ես հույս ունեմ, որ նաև վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն ու արդյունքները կմեծացնենք, իսկ այդ արդյունքները կուղվեն ՀՀ պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան
- Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան