ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ հրավիրելու մասին
«Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, խնդրում եմ այստեղ ենթատեքստ չփնտրեք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելուն:
Նրա խոսքով՝ ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաև խնդիր էր առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին՝ երկու դուստրերին և հորը:
«Ճիշտն ասած՝ առանձին անձինք ասում էին, որ երեխաները 16, 18, 20 տարեկան են։ Երեխաները 23 և 25 տարեկան են։ Խնդիրը կապված է եղել գույքի հետ՝ իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցով՝ ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ խոսքն ապօրինի հարստացման մասին չէ։
Ճշտող հարցին, թե ի՞նչ գործի շրջանակում էին հրավիրվել Հրայր Թովմասյանի հարազատները, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ դա հրապարակել են, մամուլում բավականին մանրամասն ներկայացրել են, նույնիսկ նախաքննության շրջանում չպետք է այդքան ներկայացնեին, բայց այդպես են արել, որ սպառիչ լինի պատասխանը:
Հարցին՝ արդյոք Հրայր Թովմասյանը ներգրավվելո՞ւ է այդ գործում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք հրավիրել ենք իրեն, զանգել ենք: Ավելի շուտ ուզում էինք տեղեկացնել, որ մենք հրավիրելու ենք, ոչ հարցաքննության, սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, հետագայում մեկնել է Մոսկվա։ Մենք այդտեղ ոչ մի բան չենք տեսնում, ուղղակի որպես բարի կամքի դրսևորում ուզում էինք տեղեկացնել, որ նման խնդիր կա։ Այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ պետք չի տեսնել»:
Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև «Հոկտեմբերի 27»-ի գործով հնարավոր նոր զարգացումներին՝ հաշվի առնելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունները, որտեղ նա նշել էր, թե նոր հանգամանքներ են ի հայտ եկել Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո:
«Եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պարտավոր ենք շարունակել այդ գործողությունները»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
- Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
- Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
- ԱԱԾ-ն՝ ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին