2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան
«Կարծում ենք, որ մեր բոլոր գործողությունները միտված են եղել խորքային փոփոխություններին, ոչ թե միայն առերևույթ թվային մեծություններին»,- այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ իրենք իրենց առջև օրակարգային խնդիր ունեն, ըստ որի պետք է տնտեսության ճյուղային կառուցվածքին անդրադառնան։
«2019 թվականի՝ համեմատաբար բարձր աճը բացատրվել է ծառայությունների և արդյունաբերության բարձր աճի տեմպերով։ Գյուղատնտեսությունը շարունակել է ունենալ նույն վարքագիծը, շինարարությունը բավականին փոքր մասնակցություն է ունեցել տնտեսական ակտիվությանը։ 2019 թվականին կանխատեսվում է 6.3 տոկոս աճ։ Կարելի է մշտապես գնալ մի լավատեսական սցենարով, բայց բյուջեն գործիք է, որը լուծում է ուղենիշներ սահմանելու հարցը», - ասաց նա։
Նախարարի խոսքով, ենթադրվում է, որ 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. «Մենք համոզված ենք, որ ավելի շատ ջանք ներդնելու դեպքում կունենանք էնպիսի աճ, ինչպիսին ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ Այն, ինչ որ այս նախագծի հիմքում դրված է, 4.9 տոկոս տնտեսական աճի սցենար, և այստեղ մենք չունենք տարակարծություններ»։
Ջանջուղազյանը նաև նշեց, որ առաջիկա ժամակահատվածում միջին գնաճը կգտնվի 2 տոկոսի շրջանում։
Նրա ներկայացմամբ՝ ապրանքների և ծառայությունների, արտաքին առևտրի մասով նույնպես ակնկալվում են որոշակի զարգացումներ. «Ակնկալվում է, որ կունենանք արտահանման ավելի բարձր աճ, քան ներմուծման։ Այդ տրամաբանությամբ է կառուցված նաև նախագիծը, 10,9 տոկոս արտահանման աճի ցուցանիշ, 6,8 տոկոս՝ ներմուծման աճի ցուցանիշ»։
Անդրադառնալով 2020 թվականի ցուցանիշներին, ապա հարկային եկամուտների մասով ակնկալվում է 1 տրիլիոն 602 միլիարդ դրամի մուտք, որը 0,3 տոկոսային կետով բարելավում է։
«2020 թվականի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ են, որի մեջ՝ հարկային եկմուտները 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ, իսկ պակասուրդն ակնկալվում է, որ կլինի 183 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ 2020 թվականին հնարավորություն կունենանք իրականացնել 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի ծախս», - ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան