Գերմանիայի դեսպան. Հայաստանի տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն
«Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով»,-այս մասին ասել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։
«Գիտեմ, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարևոր եմ համարում երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը»,-նշել է նա։
Նախարարության փոխանցմամբ, Տ. Խաչատրյանն իր հերթին նշել է․ «Մենք, իսկապես, երկրի տնտեսական զարգացումը կապում ենք երկրում ներդրումային գրավչության մեծացման հետ, ուստի պետք է գտնենք այն հնարավորությունները, որոնք երկու երկրների հետաքրքրությունների դաշտում են»։
Նա հավելել է, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղևորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։
Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գիներգործության և մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։