Հայաստանցի բժիշկները կարողացել են փրկել սիրտն ու լյարդը վնասված երիտասարդի կյանքը
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին ժամը 11:15-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ լյարդի, սրտի թափանցող կտրած-ծակած վերքով:
Ինչպես տեղեկացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրեն, «Ընդանուր և լապարասկոպիկ» ծառայության ղեկավար Սևակ Շահբազյանը երիտասարդը ընդունվել է լյարդի, սրտի թափանցող կտրած-ծակած վերքով՝ թորակոաբդոմինալ վիրավորումով` անգիտակից, շոկային, ծանր վիճակում: Անհետաձգելի կատարվել է որովայնահատում (լապարատոմիա):
Լապարատոմիայի ժամանակ պարզվել է, որ վնասվել է երիտասարդի լյարդը 4-րդ և 5-րդ սեգմենտներում: Հայտնաբերված ստոծանու վերքը հուշել է սրտի հնարավոր վնասում, որի կապակցությամբ իրականացվել է թորակոտոմիա (հատվել է կրծքավանդակը), իսկ հրաիրված կրծքային վիրաբույժ Գևորգ Ոսկանյանի աջակցությամբ վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է երեք ժամ հետո:
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Սևակ Շահբազյանի, վիրաբույժ Սերգո Սեդրակյանի, անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգ Հովհաննես Գասպարյանի, սրտաբան Սերյոժա Սարգսյանի, վիրաբույժ Հարութ Կարապետյանի և հրավիրված կրծքային վիրաբույժ Գևորգ Ոսկանյանի համատեղ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երիտասարդի կյանքը հաջողվել է փրկել:
Վիրահատության որոշակի փուլում երիտասարդի սրտի աշխատանքը խիստ տուժել է, սակայն բժիշկներին հաջողվել է ոչ միայն վերակագնել սրտի աշխատանքը, այլ ավարտին հասցնել բարդագույն վիրահատությունը:
ԲԿ-ից հայտնում են, որ այս պահին հիվանդի վիճակը կայուն-ծանր է: