Չիլիում բողոքի ցույցերի արդյունքում նախագահը հեռացրել է ողջ կառավարությանը
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան աշխատանքից հեռացրել է ողջ կառավարությանը՝ նոր կառավարություն կազմելու ու փողոցներ դուրս եկած մարդկանց պահանջները բավարարելու համար սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է կատարվելու կառավարության վերափոխումը։ Այս մասին գրում է BBC-ն։
Հոկտեմբերի 25-ին մայրաքաղաք Սանտյագոյում ավելի քան մեկ միլիոն մարդ էր դուրս եկել խաղաղ հավաքի՝ սոցիալական արդարության կոչերով։
Պինյերան հայտարարել է, որ ցուցարարների պահանջները լսելի են և իրենք այժմ նոր իրականության մեջ են։
«Այսօրվա Չիլին տարբերվում է մեկ շաբաթ առաջվա Չիլից»,-ասել է նախագահը։
Նախագահը նաև հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ Չիլիի քաղաքներում ներկայացված պարետային ժամը հանվել է: Ընդդիմությունը կոչ է արել նաև դադարեցնել շարունակվող արտակարգ դրությունը:
Մոտ մեկ շաբաթ առաջ սկսված անհավասարության դեմ բողոքի ցույցերի արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են: Հոկտեմբերի 25-ի երթն ավարտվել էր ակտիվիստների և ոստիկանության միջև բռնի բախումներով։ Ձերբակալվել է ավելի քան 7000 մարդ:
Հիշեցնենք, որ Չիլիում մարդիկ դուրս եկան բողոքի ակցիաների՝ երկրում մետրոյի ուղեվարձի բարձրացման պատճառով, ինչն այժմ կանգնեցված է։ Բողոքի ակցիաները գնալով ավելի լայն զանգվածների ներառեցին, որոնք դժգոհ են սոցիալական անարդարությունից ու կենսապահովման ծախսերից։