«ՌեԱնիմանիան»՝ առանց գովազդային ազդագրերի
Արդեն մի քանի օր է մեկնարկել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը, 100-ից ավելին անիմացիոն ֆիլմեր մրցում են փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Երևանում չենք տեսնում փառատոնային ազդագրեր: Panorama.am-ը հետաքրքրվեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունուց, թե ի՞նչն է պատճառը, որ այս տարի փառատոնի գովազդը քիչ է: Նա նախ նշեց, որ սոցիալական ցանցում գովազդը լավ է, իսկ քաղաքում չկան ազդագրեր, քանի որ գումարը խիստ սուղ է, նախընտրել են չծախսել դրա վրա:
«Նախընտրել ենք գովազդի վրա ծախսելու փոխարեն այդ գումարով մասնագետներ բերել, որոնք դասընթացներ կվարեն կամ կմասնակցեն փառատոնին»,- ասաց Վ. Քասունին:
Փառատոնային ազդագիր միայն «Մոսկվա» կինոթատրոնում կարող են տեսնել:
Այս տարի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը փառատոնի իրականացման համար տրամարդել է 9 միլիոն դրամ է: Վրեժ Քասունին ասաց, որ նախորդ տարիների համեմատ «ավելի հարմար է»:
Նշենք, որ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանել «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Հյու Վելշմանը (Լեհաստան), ով վարպետության դաս է անցկացրել հոկտեմբերի 26-ին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան են ժամանում պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ և անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ, և գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ): ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), որը նույնպես վարպետության դաս է անցնակցնում:
Ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթացներ են անցկացնում փառատոնի շրջանակում:
Փառատոնի շրջանակում այսօր այսօր տեղի կունենա ցուցադրություն՝ նվիրված հայկական անիմացիոն արվեստի հիմնադիրներից մեկի՝ Վալենտին Պոդպոմոգովի գործունեությանն անիմացիոն արվեստում: Այս տարի նշվում է Վալենտին Պոդպոմոգովի 95-ամյակը:
ՀԲԸՄ-ում ընթանում է հանդիպում Արուպ Դվիվեդիի և Ջհելամ Դեշպանդեի հետ, ներկայացվում է հնդկական անիմացիայի պատմությունը:
ՀԲԸՄ-ում կայանում է նկարիչ, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, անիմատոր Ռոջեր Կուպելյանի «Փախուստ վիզուալ էֆեկտներից» խորագրով վարպետության դասը: Ռոջեր Կուպելյանը գրաֆիկական կինոէֆեկտների համաշխարհային առաջատար մասնագետներից մեկն է։ Իր կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի հայտնի ֆիլմերի վրա, ինչպիսիք են` «Մատանիների տիրակալը» եռապատումը, «Քլովերֆիլդ», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Հյուգո» և «Կարիբյան ծովի ծովահենները»: Սեմինարի ընթացքում նա կխոսի մարդկության ու ռոբոտների մասին, ինչպես նաև վիզուալ էֆեկտների կարևորության մասին։ Մուտքն ազատ է։
Այսօր ՀԲԸՄ-ում երաժշտական հոլովակների մրցութային ծրագրում ցուցադրվելու են աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 13 աշխատանք, որոնցում անիմացիայից զատ՝ ինքնուրույն և կարևոր դերակատարում ունի երաժշտությունը։ Մուտքն ազատ է։
Հոկտեմբերի 29-ին ժամը 20:00 «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակներ կհանձնվեն արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրի կողմից ընտրված ֆիլմերին: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը:
«Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կնկատեք կարմիր կլոր խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ մեր գործընկերների, ովքեր դարձան այս պատահարի անմեղ զոհերը:
Հարակից հրապարակումներ`
- «ՌեԱնիմանիայի» փակմանը էքսկլյուզիվ կադրեր են ցուցադրվելու
- Կոռուպցիայի պոզն ու պոչը՝ «օջախում» և «ընտանիքում»
- «ՌեԱնիմանիա» փառատոնի կատուն՝ երգիծական, բայց խորը իմաստով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան