Եպիսկոպոս Մաշալյանը զեկույց կներկայացնի Պոլսի Պատրիարքի ընտրության առնչությամբ
Վեհարանի ժողովասրահում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անցկացվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Մայր աթոռից հայտնում են, որ ժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց Եկեղեցուն և ժողովրդին հուզող զանազան խնդիրների առնչությամբ:
Վեհափառ Հայրապետը ողջունել է նաև ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը, ով առաջին անգամ է այս հանգամանքով մասնակցում ԳՀԽ ժողովին և զեկույց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչված հարցերի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ:
Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր:
Մասնավորապես զեկույցներ կներկայացվեն 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ:
Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց կլսի Մայր Տաճարի հիմնանորոգության առնչությամբ: Կքննարկվեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները: