Տարհանվել են Առնոլդ Շվարցնեգերն ու Լեբրոն Ջեյմսը
Լոս Անջելեսի արվարձանում հազարավոր բնակիչներ են տարհանվել հրդեհի սպառնալիքի պատճառով, որն արդեն տարածվել է ավելի քան 200 հեկտար անտառով մեկ: Եվրանյուզը գրում է, որ պաշտոնական տվյալներով, Կալիֆորնիայում բնական աղետը ոչնչացրել է հարյուրավոր շինություններ, վտանգավոր գոտում է գտնում 80 հազար տուն: Հրդեհները մոտեցել են Լոս Անջելեսին Բևեռլի-Հիլզի կողմից: Երկուշաբթի գիշերը իշխանությունները հայտարարել են՝ տարհանել Բրենթվուդ շրջանում բնակվողներին, որտեղ գտնվում են հայտնիների տները:
Դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը Թվիթերում գրառում է արել, պատմել, որ ստիպված լքել է իր տունը գիշերը ժամը 3-ին: Նա կոչ է արել բոլորին հնարավորինս լուրջ վերաբերվել տարհանմանը:
Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը գրել է, որ Լոս Անջելեսում հրդեհները կատակ չեն: Նա դժգոհել է, որ տարհանումից հետո երկար ժամանակ տեղ չէր գտնում, որտեղ կարող էր տեղավորվել ընտանիքի հետ միասին:
Օդերևութաբանները նշում են, որ տարածաշրջանում մոտ մեկ օր բարենպաստ եղանակ է ստեղծվել հրդեհների դեմ պայքարի համար, բայց հետո իրավիճակը կարող է կրկին վատթարանալ. ակնկալվում է, որ կրկին ուժգին քամի կբարձրանա ՝ նպաստելով կրակի տարածմանը:
Հիշեցնենք, որ 2018-ի վերջին Կալիֆորնիայում կրկին ուժեղ հրդեհներ էին, հասցրած վնասը կազմում էր միլիարդավոր դոլարներ: Այն ամենաավերիչն էր ճանաչվել նահանգի պատմության մեջ. հրդեհի պատճառով 88 մարդ էր զոհվել, այրված տարածքի մակերեսը շուրջ 620 քառակուսի կիլոմետր էր, հրդեհը ոչնչացրել էր մոտ 14 հազար տուն:
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում անտառային հրդեհի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ
- Կալիֆորնիայում հրդեհից զոհերի թիվը հասել է 86-ի
- Կալիֆորնիայում հրդեհներին կարող են փոխարինել անձրևները՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն ավելացել է
- Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք
- Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհեր կան