Ինչպե՞ս կանխել գլխուղեղի կաթվածը. Մասնագետի հորդորը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի աշխարհում 15մլն մարդ տառապում է ինսուլտից, նրանցից 5մլնը մահանում է, ևս 5մլնը՝ ընդմիշտ մնում անաշխատունակ կամ հաշմանդամ, յուրաքանչյուր 6-րդ մարդը կյանքի ամենածաղկուն շրջանում ունենում է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, գլխուղեղի կաթվածը մնում է մահացության, անաշխատունակության կամ հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը։
«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը նշում է, որ, չնայած գլխուղեղի կաթվածի (ինսուլտի) ռիսկի գործոնների և անդառնալի հետևանքների, ինչպես նաև կանխարգելման հնարավորության մասին տեղեկատվության անդադար տարածմանը, վերջին տասնամյակներում զարգացող երկրներում գլխուղեղի կաթվածի թիվը զգալի աճել է։
Մասնագետը զգուշացնում է յուրաքանչյուրի մոտ ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող է զարգանալ գլխուղեղի կաթված։
Նյարդաբանը հիշեցնում է, անդառնալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է՝ ճանաչել հիվանդության ամենահիմնական նշանները և դրանց առկայության դեպքում անմիջապես դիմել մասնագետին։
«Մի՛ հապաղեք, եթե առկա է՝
. դեմքի թուլություն/թմրածություն, բերանի անկյան միակողմանի կախվածություն, երբ փորձում եք ժպտալ
. վերջույթի թուլություն՝ վերջույթներից մեկը ցած է իջնում, երբ փորձում եք առաջ պարզել
.խոսքի խանգարում՝ խոսքը դառնում է անհասկանալի, բառերը՝ լղոզված
.սաստիկ գլխացավ, քայլքի խանգարում»,-ահազանգող նշանները թվարկում է նա։
Նյարդաբան Պոդոսյանը նշում է, որ ժամանակակից բժշկագիտության տվյալներով գլխուղեղի կաթվածների 80%-ը կարելի է կանխարգելել՝ կառավարելով ռիսկի հետևյալ գործոնները, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ, սրտի ռիթմի խանգարումները և փականային անբավարարությունը, հիպոդինամիան, անառողջ սննդակարգը, ճարպակալումը։
Ծխելը թողնելու լուրջ հիմնավորում ծխողների իշեմիկ ինսուլտ ունենալու անհատական ռիսկը կրկնակի անգամ բարձր է չծխողների համեմատ։