Նախարարը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ոչ մի ցանկություն չունի հանդիպել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանի հետ: Լրագրողների հետ հանդիպմանը նա նաև ասաց, որ չի ուսումնասիրել Ն. Հունանյանի՝ վաղաժամ ազատման դիմումին Պրոբացիոն և Քրեակատարողական ծառայությունների տված բացասական եզրակացության հիմքերը:
«Հայտնի են օրենսդրությամբ սահմանված չափանիշները, թե ինչի հիման վրա են գնահատում տալ դրական կամ բացասական եզրակացություն: Այդ մարմինները գնահատել են իրենց գործառույթների շրջանակներում, տվել են բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի ուղարկվի դատարան, կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից հարցն այլևս դուրս է»,-նշեց նախարարը:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ Նաիրի Հունայանը կարող է արժեքավոր տեղեկատվություն հայտնել, նա ասաց, որ եթե կարող է նման տեղեկություններ հայտնել, պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե իրեն:
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար: Ցմահ դատապարտյալները պատիժը կրելուց 20 տարի անց իրավունք ունեն դիմել նման խնդրանքով:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Նաիրի Հունանյանն իր հանցագործությունը շարունակում է մինչև հիմա
- Արդարադատության նախկին նախարար. Բացարձակապես իմաստ չեմ տեսել Նաիրի Հունանյանի հետ անգամ 1 րոպե հանդիպել
- Անդրանիկ Քոչարյանը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ
- Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
- Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար