Բուքիքիոն հայտարարություն է արել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հանդես է եկել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Վենետիկի հանձնաժողովի կայքից։
Հայտարարության մեջ Բուքիքիոն նշում է, որ արդեն մի քանի ամիս է մոտիկից հետևում է Հայաստանում իրավիճակին։
«Շատ մտահոգված եմ մի կողմից կառավարության ու խորհրդարանի, մյուս կողմից Սահմանադրական դատարանի միջև բաց հակամարտությունից։ Վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և ԶԼՄ-ներով լուսաբանումը չեն նպաստում հիմնախնդիրների սահուն կարգավորմանը։ Ժողովրդավարության մեջ խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության կրողն է ու այդկերպ ունի բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմություն։ Սահմանադրական դատարանը պահապան ինստիտուտ է, որին վստահված է Սահմանադրական արժեքների պահպանումը։
Ժողովրդավարական երկրում պետական բոլոր ինստիտուտներն ու պաշտոնատար անձինք պետք է հագեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, և ընդունեն ու հարգեն մյուս ինստիտուտների այս նույն լիազորությունները։ Նրանք պետք է դրսևորեն պատշաճ ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ։ Եթե դա չի արվում, եթե բացակայում է ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը, պետական ինստիտուտների գործառնությունը խաթարվում է, և վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:
Կոչ եմ անում բոլոր կողմերին, ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն, որպեսզի թուլացնեն լարվածությունը այս անհանգստացնող իրավիճակում և վերականգնեն Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան