Պատգամավորին չբավարարեց փոխքաղաքապետի պատասխանը Մարությանի բացակայության մասին
Խորհրդարանում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը բացակայում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քննարկումը վարող ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետը գտնվում է արձակուրդում և նրան փոխարինում է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Արդյոք քաղաքապետը տեղյակ չէր, որ բյուջեի քննարկումների ժամկետն օրենքով սահմանված է և հենց այդ պահին է նա մեկնում արտերկիր արձակուրդ, խնդրում եմ մեկանբանեք այդ անպատասխանատու վերաբերմունքը ԱԺ նկատմամբ։ Հիշեցնեմ, որ նախկինում Տարոն Մարգարյանի ժամանակ պարոն Փաշինյանի կողմից նման վարքագիծը շատ բուռն քննադատության էր արժանանում։ Հիմա տեսնում ենք այն, ինչ նախկինում ենք ունեցել»,- հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Ի պատասխան փոխքաղաքապետն ասաց. «Թույլ տվեք փաստել, որ երևույթը աղերս չունի ԱԺ նկատմամբ վերաբերմունքի և առավել ևս անպատասխանատվության հետ, քաղաքապետը տեղեկացված չէր կոնկրետ օրերի մասին, մենք ուշ ենք ստացել այդ տեղեկատվությունը, ուստի քաղաքապետի արձակուրդը պլանավորված էր շատ ավելի վաղ՝ հոկտեմբերի կեսերին, բայց քանի որ Երևանի օրվա հետ կապված միջոցառումների գրաֆիկը լողում էր անընդհատ, կապված քաղաքում այլ լայնամասշտաբ միջոցառումների հետ, քաղաքապետի մեկնումը տեղափոխվեց ավելի ուշ ժամկետ։ Բացակայությունը պայմանավորված էր բացառապես այս հանգամանքով»։
Պատգամավորը չհամաձայնվեց՝ նշելով, որ բյուջեի քննարկումները օրենքով սահմանված են և ժամկետը հստակ է։