Հայաստան են գալու աշխարհի լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում, փնտրում է աշխարհը
Նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գնահատմամբ, այն բացառիկ և հետաքրքիր փառատոն է. Հայաստան են գալու աշխարհի լավագույն ժամանակակից կոմպոզիտորները, որոնց հետևում է աշխարհը, աշխարհի լավագույն, կայացած մենակատարները, որոնց փնտրում է աշխարհը:
Նրա ներկայացմամբ, փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարաներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և ուրիշներ:
Ս. Սմբատյանն ասաց, որ երեկո կնվիրվի նաև վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։
Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
«Յուրաքանչյուր օր ունենք եզակի ծրագիր, եզակի ժամանակակից նոր երաժշտություն, նոր բովանդակություն»,- ասաց Ս. Սմբատյանը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ այս փառատոնը նմանը չունեցող հսկա իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում:
«Շատ հետաքրքիր, բովանդակությամբ լեցուն, հագեցած երաժշտական տասնօրյակ է մեզ սպասվում՝ ներառնելով շատ հետաքրքիր անուններ»,- ասաց մաեստրոն:
Տ. Մանսուրյանի խոսքով, մեծագույն կոմպոզիտորներ, մեծագույն հեղինակներ են մասնակցում փառատոնին:
«Շնորհակալ եմ, որ այս հսկաների հետ ներկայանում եմ՝ ներկայացնելով այսօրվա Հայաստանը»,- նշեց կոմպոզիտորը:
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ասուլիսին ներկա Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն ասաց, որ փառատոնը եզակի է ոչ միայն այն առումով, որ հայ հանդիսատեսը կարող է լսել ժամանակակից հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև ծանոթանալ նրանց հետ, քանի որ նրանք հատուկ փառատոնի համար գալու են Երևան: