Բակո Սահակյան. Կրթությունը մեծապես կանխորոշում է երկրի ապագան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Հարգելի՛ բարեկամներ,
Ի սրտե ողջունում եմ ձեզ՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի բոլոր մասնակիցներիդ:
Կրթության ոլորտը, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Այդ իսկ պատճառով ոլորտն ունի առանձնակի դերակատարություն և նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար:
Հայ ժողովուրդը և նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով: Մեր հայրենակիցները գիտության տարբեր ասպարեզներում հասել են մեծ բարձունքների, ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:
Այդ ներուժի բացահայտումը, զարգացումը և կիրառումը պահանջում են համակարգված աշխատանք, սերտ փոխգործակցություն մայր Հայաստանի և Սփյուռքի միջև, տարբեր երկրների գիտա-կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատում և խորացում, առաջատար փորձի կիրառում:
Այս տեսանկյունից կարևոր ու պահանջված է գիտական համաժողովների, սեմինարների և քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը և համապարփակ ձևով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ և անհատական հարթություններում:
Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Հաջողություններ և ամենայն բարիք բոլորիդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան