Ամերիաբանկի ScaleUp-ը՝ միջազգային փորձի փոխանակման և համագործակցության հարթակ
Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի։ Այս կարծքին են ScaleUp ինովացիոն ֆորումի փորձագետները։
Երևանում այսօր կազմակերպված ScaleUp ինովացիոն ֆորումի ժամանակ, որը կազմակերպվել էր Ամերիաբանկի կողմից՝ Amazon Web services-ի հետ համագործակցության շրջանակում, ՏՏ, հեռահաղորդակցման ոլորտի միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները Հայաստանում կիսվեցին իրենց փորձառությամբ ու նորարարություններով:
Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում նման ինովացիոն ֆորում անցկացնելու գաղափարին՝ նշեց, որ այն առաջացել է Ամերիաբանկ-Ամազոն համագործակցության արդյունքում։
«Մենք հասկացանք, որ շատ լավ գաղափար է Amazon-ին հյուրընկալել Հայաստանում։ Մենք ուզում ենք համահունչ լինել հաջորդ սերնդի տեխնիկական նորարարություններին: Մեր նպատակն էր ընկերությունը բերել Հայաստան ու ներկայացնել Հայաստանի շուկային: Ֆորումը լավ հնարավորություն էր բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, քանի որ նրանք կարողացան ինովացիաների վերաբերյալ իրենց հարցերն ուղղել մեծ փորձ ունեցող AWS-ին»,- ասաց նա։
Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը նույնպես նկատեց, որ ScaleUp ինովացիոն ֆորումը Հայաստանի ՏՏ, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու միջազգային ընկերությունների փորձագետների հետ, փոխանակվել կոնտակտներով, կիսվել գաղափարներով և միասին նոր նախագծեր մշակել։
Նրա խոսքով, Ամերիաբանկը նպատակ ունի Ամազոնի հետ որոշ նախագծեր իրականացնել, սակայն նա փակագծեր չբացեց, միայն նշեց, որ դրանք ուղղված են հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, ծառայությունների թվայնացմանը։
Գրիգոր Դավթյանը չբացառեց նաև միջազգային այլ ընկերությունների հետ համագործակցությունը։
«Մենք չենք սահմանափակվում կոնկրետ մատակարարներով, պարբերաբար նորարարություններ ենք փնտրում։ Տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն ինչ շատ արագ է փոխվում, այսինքն՝ հնարավոր չէ կենտրոնանալ ինչ-որ մատակարարի վրա, քանի որ ամեն օր մի նոր բան է ստեղծվում, և Ամերիաբանկը լինելով առաջատար և ինովացիոն բանկ, միշտ հետևում է նորարարություններին և ցանկանում է դրանք առաջինը ներդնել բանկում»,- ասաց Գրիգոր Դավթյանը։
Ամպային լուծումների բիզնեսի զարգացման գծով ղեկավար Օլեքսանդր Յենանն էլ նշեց, որ ֆորումը հնարավորություն տվեց կիսվել իրենց փորձով, ներկայացնել նորարարությունները։
«Առաջին անգամ եմ Հայաստանում և, կարծում էի, որ ինովացիոն տեխնոլոգիաները զարգացած չեն Հայաստանում, սակայն այստեղ հակառակը տեսա։ Կարծում եմ՝ Հայաստանն ունի մեծ ներուժ, այստեղ ՏՏ-ն ունի զարգանալու մեծ հեռանկար»,- ասաց Օլեքսանդր Յենան։
Softprom ընկերության ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա նորագույն տեխնոլոգիաների զարգացման համար, և իրենք պատրաստ են օգնել Հայաստանին՝ ինովացիոն ոլորտում հաջողություններ գրանցելու համար։
Mambu ընկերության վաճառքների տնօրեն Բեն Գոլդին էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ էր գալ Հայաստան և կիսվել ինովացիաների վերաբերյալ իր փորձով, գիտելիքներով։
«Մենք տեսնում ենք, որ աշխարհի մի շարք հատվածներում ինովացիաները շատ արագ են զարգանում, և կարևոր էր Հայաստանում ներկայացնել այդ զարգացումները»,- ընդգծեց նա։
Նշենք, որ Բեն Գոլդին ֆորումի ժամանակ հանդես եկավ «Էկոհամակարգերի դերը API տնտեսությունում» զեկույցով։ Նրա խոսքով՝ հաճելի էր տեսնել, որ մարդիկ հետաքրքրված են այս թեմայով: