ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ժամեր առաջ ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը, որը ճանաչման հետ մեկտեղ կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված բանաձևում ասվում է, որ բանաձևի ընդունմամբ հաստատում են, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչման և հիշատակման միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչվելու փորձերը, և
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթությունն ու հանրային իրազեկվածությունը՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և Հայոց ցեղասպանության կարևորությունը մարդկության դեմ ժամանակակից ոճրագործությունների վերաբերյալ:
Նշենք, որ բանաձևին կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:
Ինչպես գրում է Reuters-ը, 35 տարի անց առաջին անգամ այսպիսի օրենսդրության քննարկումը Ներկայացուցիչների ամբողջ պալատում ընդգծում է Կոնգրեսում տարածված վրդովմունքն ընդդեմ Թուրքիայի կառավարության, ինչպես դեմոկրատների, այնպես էլ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների կողմից:
Հայոց ցեղասպանության քվեարկությունից անմիջապես հետո երկու կուսակցությունների օրենսդիրները կրկին ճնշող մեծամասնությամբ ընդունեցին օրենսդրությունը, որը կոչ է անում Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայի հյուսիսում իր հարձակողական գործողությունների կապակցությամբ։
Երկու միջոցների ճակատագիրը Սենատում անհայտ է, և քվեարկություն չի նախատեսվում նման օրենսդրության վրա:
Տասնամյակներ շարունակ Կոնգրեսում սառեցված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումները, ինչը բխում էր այն մտավախությունից, որ դա կարող է բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաև արդյունք էր Անկարայի կառավարության լոբբինգի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան