«Դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի»
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ, ըստ գործող բանաձևի, դպրոցների տարեկան հասանելիք գումարը հաշվարկվում է սովորողների թվից կախված։ Այս մոտեցումն, ըստ նրա, որդեգրվել է 2001 թվականից՝ նպատակ ունենալով խթանել դպրոցների միջև մրցակցությունը։
«Սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների զգալի մասը, որոնք միակն են բնակավայրում, և սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով, մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցներին հատկացվող գումարը չի բավարարում ծախսերը հոգալ և վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում, ինչը տարիներ շարունակ արել են մարզպետարանները և Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն՝ խոշոր դպրոցներից կուտակված գումարները վերցրել և հատկացրել են փոքր դպրոցներին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Այսպիսով, դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ:
Նախարարը հայտնեց, որ նոր բանաձևով առաջարկվում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես, փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը։
Ըստ նախագծի՝ թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչև 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչև 162 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչև 207 սովորող, վարժարան և ավագ դպրոց՝ մինչև 135 սովորող։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների հասանելի գումարի հաշվարկը կիրականացվի նախկին սկզբունքով։
«Ի տարբերություն նախորդ բանաձևի, առաջարկվում է սահմանել ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձ, ինչը հնարավորություն կտա պահովագրել ուսուցիչների վարձատրությունը՝ անկախ սովորողների թվից»,- ասաց նա՝ հավելելով, որ մեկ դրույքի համար (22 դասաժամ) նվազագույն շեմը կլինի 108 հազար։
Նախարարը նաև ասաց, որ ուսուցիչների աշխատավարձի բարձացման քաղաքականությունը՝ տարեկան 10 տոկոսի չափով, շարունակվելու է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե հեռավոր գյուղում աշխատող դպրոցի ուսուցիչը և Երևանում աշխատող դպրոցի ուսուցիչը նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավա՞րձն են ստանալու, նախարարը դրական պատասխան տվեց։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ աշակերտների թվից կախված՝ որոշ դպրոցներ կարող են ավելի բարձր աշխատավարձեր սահմանել։ Ըստ նրա՝ երբ դպրոցներն ունեն շատ աշակերտներ և ստանում են շատ ֆինանսավորում, կարողանում են ավելի բարձր աշխատավարձ տալ ուսուցիչներին։
«Այստեղ մրցակցության պահն էլ կա։ Դպրոցներն իրենց մրցակցային առավելությունն օգտագործում են՝ հիմնականում պայմանավորված տարածքով»,- նկատեց Արայիկ Հարությունյանը։
«Այսինքն՝ Երևանի կենտրոնում դպրոցներն ավելի պրեստիժնի՞ են։ Բայց էս խնդրի վրա դեռ պետք է աշխատել, այս հարցը ինչ-որ ձևով պետք է լուծել, որովհետև դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան ուրիշ որևէ տեղ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգան մեծ դպրոցներ, նրանց հետևից էլ կգան աշակերտները և դիսբալանս կառաջանա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին