«Առավոտյան շոու», «Մանդալորեցի», «Նրա մութ նյութերը» և նոյեմբերի ևս 8 սերիալները
2019 թ.-ի նոյեմբերը կարևորագույն ամիս է միազգային սթրիմինգային շուկայի և սերիալների արտադրության ոլորտի համար։ Apple և Disney ընկերությունները թողարկում են սեփական օնլայն հարթակները։
Առաջինները կպատմեն առավոտյան հեռուստաշոուի ներքին խոհանոցի, կուրացած մարդկության մռայլ ապագայի և ալտերնատիվ տիեզերքի մասին, որում ԽՍՀՄ-ն առաջինն է լուսնի վրա վայրէջք կատարել։ Երկրորդները կցուցադրեն «Աստղային պատերազմների» մոտիվներով խաղային սերիալ։
Այս ամիս նաև կմեկնարկի Ֆիլիպ Փուլմանի «Նրա մութ նյութերը» տրիլոգիայի էկրանիզացիան, իսկ «Րիք և Մորթի», «...ած աշխարհի վերջը» և «Թագը» կվերադառնան նոր եթերաշրջաններով։
Ստորև նոյեմբերին սպասվող մի քանի սերիալների մասին։
«Տեսնել» («See») 1 էթերաշրջան
Նոյեմբերի 1-ից Apple TV+-ի եթերում
«Տեսնել»-ը ապագայի մասին անտիուտոպիա է ներկայացնում, որում մարդկությունը զրկվել է տեսողությունից, իսկ քաղաքակրթությունը վերադարձել է համայնական հասարակարգը հիշեցնող հասարակության։ Երբ կույր մարտիկ Բաբի Վոսսը (Ջեյսոն Մոմոա) տեսող երկվորյակների հայր է դառնում, նա և կինը ստիպված են լինում ցեղերի միավորմամբ զբաղվել՝ իրենց երեխաների վրա որս հայտարարած թագուհու բռնակալությունը տապալելու համար։
«Տեսնել» սերիալի ռեժիսորն է Ֆրենսիս Լոուրենսը («Սոված խաղեր»), իսկ հեղինակը Սթիվեն Նայթը («Սուր հովարներ»)։
«Դիքինսոն» («Dickinson») 1 եթերաշրջան
Նոյեմբերի 1-ից Apple TV+-ի եթերում
«Դիքինսոն»-ը կոստումերացված դրամեդիա է ամերիկացի պոետ Էմիլի Դիքենսոնի մասին՝ կատարված «Էյֆորիայի» ոգով։ Սա հասունացման, գենդերային և սեքսուալ ինքնության որոնման, ինչպես նաև կնոջ հասարակության մեջ դիրքի գիտակցման մասին պատմություն է՝ փաթեթավորված XIX դարի կեսին հատուկ դեկորացիաներով։ Գլխավոր դերը կատարում է 2013 թ. «Ռոմեո և Ջուլիետ»-ի աստղ Հեյլի Սթեյնֆելդը։ Սերիալում հայտնվում է նաև Ուիզ Խալիֆան՝ Մահվան դերում։ Մտահաղացման հեղինակն է Ալինա Սմիթը, ով «Սիրային կապ»-ի համահեղինակն ու խմբագիրն է։
Ուրվական գրողը («Ghostwriter») 1 եթերաշրջան
Նոյեմբերի 1-ից Apple TV+-ի եթերում
90-ականներին PBS-ի եթերով թողարկվող կուլտային մանկական սերիալի ռեմեյքն է։ Վերաթողարկման սյուժետը հիշեցնում է Ջեք Բլեքի մասնակցությամբ «Փշաքաղություն»-ը («Goosebumps»): Գրախանութում հնարամիտ ուրվական է հայտնվում, ով կենդանացնում է գեղարվեստական հերոսներին։ Չորս տեղացի երեխաները ստիպված են լինելու բռնել ազատության մեջ հայտնված արարածներին և փակել նրանց հարազատ էջերում և զուգահեռաբար գուշակել չարաճճի ուրվականի գաղտնիքը։
«Հանուն ողջ մարդկության» («For All Mankind») 1 եթերաշրջան
Նոյեմբերի 1-ից Apple TV+-ի եթերում
«Հանուն ողջ մարդկության»-ը ալտերնատիվ պատմության մասին շոու է, որում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև տիեզերական մրցավազքը չի ավարտվել։ Սովետական տիեզերագնացը լուսնի մակերեսին ոտք դրած առաջին մարդն է դարձել և հիմա NASA-ի աշխատակիցները տրամադրված են ռևանշի։ Սերիալի պրոդյուսերն է Ռոնալդ Դ. Մուրը, ով աշխատել է «Աստղային պատերազմներ»-ի ֆրանշիզայի մի քանի սերիալների և «Աստղային հածանավ «Գալակտիկա» » -ի վերաթողարկման վրա։
«Առավոտյան շոու» («The Morning Show») 1 եթերաշրջան
Նոյեմբերի 1-ից Apple TV+-ի եթերում
Սերիալը ներկայացնում է հորինված առավոտյան հեռուստաշոուի ներքին խոհանոցը։ 15 տարի ճանաչում վայելող հեռուստավարողներից մեկին՝ Միթչ Քեսսլերին (Սթիվ Քարելլ) ազատում են աշխատանքից բռնկված սեքսուալ սկանդալի ֆոնի վրա։ Աշխատանքը պահպանելու համար նրա զուգընկեր Ալեքս Լեվին (Ջեննիֆեր Էնիսթոն) ստիպված է պայքարել պռոդյուսերների խմբի և նոր համավարող Բրեդլի Ջեքսոնի (Րիզ Ուիզերսփուն) հետ, ով փորձում է Լեվիի տեղը զբաղեցնել։ Մտահղացման համար ոգեշնչանք է դարձել CNN-ի լրագրող Բրայան Սթելթերի՝ առավոտյան հեռուստաշոուների, մասնավորապես «Today» հաղորման վարողներ Մերեդիթ Վիեյրի և Էնն Կարրիի մասին գիրքը։
«Նրա մութ նյութերը» («His Dark Materials») -1 եթերաշրջան
Նոյեմբերի 4-ից HBO-ի եթերում
«Նրա մութ նյութերը» սերիալը Ֆիլիպ Փուլմանի ֆենթեզի եռագրության էկրանավորման երկրորդ փորձն է (առաջինն ավարտվեց մի լիամետրաժ ֆիլմով, որն առանձապես հաջողություն չունեցավ վարձույթում): «Նրա մութ նյութեր»-ի առաջին եթերաշրջանը նվիրված կլինի եռագրության առաջին գրքի՝ «Հյուսիսային փայլատակության» իրադարձություններին։ Գլխավոր դերում է Դաֆնի Քինը, ով հայտնի է «Լոգան» ֆիլմով։ Սերիալի մյուս դերակատարներն են Ջեյմս Մաքէվոյը, Ռութ Ուիլսոնը, Էնդրյու Սքոթթը, Դեվիդ Սուշեն և այլոք։
«...ած աշխարհի վերջը» («The End of the F***ing World») 2 եթերաշրջան
Նոյեմբերի 5-ից Netflix-ի եթերում
Սերիալը բրիտանական սև կոմեդիայի շարունակությունն է, որը պատմում է պատանի Ջեյմսի (Ալեքս Լոութեր), ով ինքն իրեն խելագար մարդասպան է համարում և ընտանեկան մեծ խնդիրներով Ալիսայի (Ջեսսիկա Բարդեն) մասին։ Երկրորդ եթերաշրջանը բացառապես սցենարիտ Չարլի Քովելլի երևակայության արդյունքն է, քանի որ առաջին ութ սերիաներն ամբողջությամբ ծածկել են Չարլզ Ֆորսմանի օրիգինալ կոմիքսը։ Թրեյլերի դրվագներում գլխավոր դերը Ալիսային է հատկացված, Ալեքս Լոութերի հերոսի ճակատագիրը անհայտ է մնում։
«Րիք և Մորթի» («Rick and Morty») 4 եթերաշրջան
Նոյեմբերի 10-ից Adult Swim-ի եթերում
Մեծահասակների համար նախատեսված հայտնի մուլտսերիալը վերջապես վերադառնում է էկրաններ, առայժմ հինգ նոր սերիաներով, բայց առջևում սպասվում է առնվազն 65-ը։
«Մանդալորեցի» («The Mandalorian») 1 եթերաշրջան
Նոյեմբերի 12-ից Disney+-ի եթերում
Disney-ի սեփական օնլայն կինոթատրոնի հիմնական (և դեռևս միակ) հաղթաթուղթը «Աստղային պատերազմներ»-ի մոտիվներով նկարահանված սերիալն է՝ «Երկաթե մարդը» և «Առյուծ արքա»-ի ռեմեյքի ռեժիսոր Ջոն Ֆավրոյից։ «Մանդալորեցու» գլխավոր հերոսը կդառնա գլուխներ որսացողը՝ Պեդրո Պասկալի կատարմամբ։ Գործողությունը զարգանում է տիեզերական սագայի վեցերորդ և յոթերորդ դրվագների միջև։
«Թագը» («The Crown») 3 եթերաշրջան
Նոյեմբերի 17-ից Netflix-ի եթերում
Մեծ Բրիտանիայի գործող թագուհի Ելիզաբեթ II մասին պատմող թանկարժեք կոստյումերացված դրաման վերադառնում է նոր եթերաշրջանով և փոփոխված դերասանական կազմով։ Քլեր Ֆոյի փոխարեն այժմ գլխավոր դերում է Օլիվիա Քոլմանը, արքայազն Ֆիլիպի դերակատար Մեթթ Սմիթին փոխարինում է Թոբայաս Մենզիսը, իսկ Վանեսսա Կիրբին արքայադուստր Մարգարեթի կերպարի մարմնավորումը զիջել է Հելենա Բոնեմ Քարթերին։ Բացի այդ, հնարավոր է սերիալում արդեն իսկ հայտնվի Մարգարեթ Թեթչերը՝ Ջիլիան Անդերսոնի կատարմամբ։ Երրորդ եթերաշրջանը կներկայացնի 1964-1976 թթ. ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները՝ լուսնի վրա վայրէջքը, արքայադուստր Աննայի վրա կատարված հարձակումը, իշխող կուսակցության երեք հերթափոխը և իհարկե The Beatles խումբը։
«Ծառան» («Servant») - 1 եթերաշրջան
Նոյեմբերի 28-ից Apple TV+-ի եթերում
Միսթիկ թրիլեր ժանրի վարպետ Մ. Նայթ Շյամալանի նոր սերիալում Դորոտին (Լորեն Էմբրոուզ) և Շոնը (Թոբի Քեբբելլ) իրենց նորածին երեխայի մահվանից հետո տիկնիկ են ձեռք բերում և նրան խնամելու համար հրավիրում են երիտասարդ դայակի (Նելլ Թայգեր Ֆրի)։ Սրան գրեթե անմիջապես հաջորդում են զանազան սարսափելի իրադարձություններ։ Սերիալում նկարահանվել է նաև Րուփերթ Գրինթը, ով առավել հայտնի է Հարրի Փոթերրի մասին պատմող ֆիլմերի շարքում կատարած Րոն Ուիզլիի դերով։
Ընտրանին «Գազետա.ռու»-ինն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան