Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ նախարարը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ հնարավորությունից և նպատակահարմար համարեց այն զիջել այլ գործընկերների: Նախկին մարզպետի որոշումը համարելով վեհանձն և կարևոր՝ Սուրեն Պապիկյանը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ: Ուզում եմ շնորհավորել պարոն Գրիգորյանին այս պատասխանատու և կարևոր առաքելության կապակցությամբ, որովհետև սա մի փուլ է, երբ Հայաստանում մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու, ինչպես նաև այդ ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է դրված, ուստի բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն է»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը:
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը մարզի կառավարումը իրեն վստահելու համար։
«Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը՝ պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք առաջընթաց ենք գրանցելու. իմ ամբողջ գործունեությունն ուղղված է լինելու դրան»,- գործընկերներին ուղղված խոսքում նշել է Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա