Կամերային երաժշտության տանը կանցկացվի Աննա Ամբակումյանի 100-ամյակին նվիրված համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված դաշնակահար Աննա Ամբակումյանի 100-ամյակին: Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան): Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ կներկայացվեն Բախի և Բրամսի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ կունենան երաժիշտներ Գայանե Մարգարյանը, Հասմիկ Անտոնյանը, Արմինե Սողոմոնյանը, Լին Կաոն (Գերմանիա):
Դաշնակահար Աննա Ամբակումյանը ծնվել է 1919 թ. Երևանում: 1945թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1968թ-ից եղել է ամբիոնի վարիչ (1972թ.-ից՝ պրոֆեսոր): 1954թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հանդես է եկել մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նրա նվագացանկում եղել է Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր: 1973թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: