Դավիթ Բաբայան. «Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»
Նախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Կրկին երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր՝ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում:
Արդյո՞ք ադրբեջանական կողմի ակտիվացումները կապ ունեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդուման հետ:
Հարցով Panorama.am-ը դիմեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: Նա ընդգծեց, որ հակառակորդի ակտիվացման առիթը միանշանակ ընդունված բանաձևն է, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը հիստերիկ արձագանք էր ստացել Թուրքիայում, Ադրբեջանում, «այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»:
«Սա միայն առիթ է, բայց պատճառն այն է, որ ի դեմս Ադրբեջանի ունենք, իրոք, նացիստական ահաբեկչական երկիր, նրանք չեն վերանայել ոչ իրենց մոտեցումները, ոչ ցանկությունները, ոչ ծրագրերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ այս գիշեր շփման գծում արձանագրվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, բայց որևէ տագնապալի բան չկա, պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը:
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը կապված լինի ինչպես ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման, այնպես էլ Բաքվում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի հետ:
Հիշեցնենք՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է հոկտեմբերի 30-ին: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու և չի մասնակցել նիստին:
Հարակից հրապարակումներ`
- Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. Արցախի ՊՆ
- Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
- Արծրուն Հովհաննիսյան. Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է
- ՊՆ. Սադրանքներն անպատասխան չեն մնա
- ՊՆ. Տավուշում պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը