Էսօր նորից մեծ աղմուկ կլինի, թե կառավարությունը փակում է մանկատներն ու գիշերօթիկ դպրոցները. վարչապետ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով հարցը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց, որ որոշման առաջին հատվածը ֆեյք նյուզի տրամաբանությամբ էր շարադրված. «Էսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այլն։ Խնդրում եմ սա հաշվի առնելով՝ ներկայացրեք հարցն ամբողջական»։
Նախարարը նշեց, որ նախագիծը մշակվել է ՝ հաշվի առնելով ՀՀ-ում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, ինչպես նաև երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ։
Զարուհի Բաթոյանն ասաց, որ 2019թ. հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը կրճատվել է՝ պայմանավորված երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալու փաստով: Նա նաև նշեց, որ 2019թ. հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա:
Ըստ նախարարի՝ այս տարի իրականացվել է նաև երեխաների ու ընտանիքի կարիքների խորը գնահատում, բացի այդ, իրականացվում են անհատական աջակցության ծրագրեր, ըստ որի, երեխաները ստանում են պետական աջակցություն:
«Ծնողների 30 տոկոսն էլ ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում՝ խոսքը 16 ընտանիքի մասին է: Նրանց համար նախատեսվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- ասաց Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունների լուծարումից հետո այդ բոլոր միջոցները տրամադրվելու են մարզերում և Երևանում ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, իսկ Երևանում, Կապանում և Գյումրիում՝ ճգնաժամային աջակցման կենտրոնների ստեղծմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկ հաստատության, որը ուժի մեջ կմտնի 2020 թ-ի հունիսի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ 2020 թ-ի հունվարի 1-ից:
Նախարարի խոսքով՝ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար, և սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից. «Պարզապես փոխվում է այդ աջակցման ձևը: Նշեմ նաև, որ 2020 թ-ի բյուջեով գրեթե եռապատկում ենք ցերեկային խնամքի ծառայությունները հանրապետությունում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան